Դավիթ Հարությունյան. Առաջարկում են ոչ թե վաղ կենսաթոշակ, այլ կաշառք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դավիթ Հարությունյան. Առաջարկում են ոչ թե վաղ կենսաթոշակ, այլ կաշառք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Այսօր ականատես կլինենք հերթական բեմականացման հաջորդ արարի»,- Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ այսօր ժամը 10:00-ին ՍԴ-ում հարցաքննվելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Նա նշեց, որ չի զրուցել Հրայր Թովմասյանի հետ:

Խոսելով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու օրենքի մասին, Դ. Հարությունյանն ասաց. «Առաջարկում են ոչ թե վաղ կենսաթոշակ, այլ կաշառք: Որովհետև այն, ինչ առաջարկվում է, հետևյալն է՝ եթե դու, հարգելի դատավոր, շարունակես քո ծառայությունները մատուցել Հայաստանին և տարիքը կամ ժամկետը լրանալուն պես դիմես կենսաթոշակի, կստանաս անհամեմատ ավելի քիչ, քան եթե այսօր դիմես կենսաթոշակի: Այսինքն, առաջարկվող պայմանը այլևս կամավորության գաղափարին դեմ է: Երկրորդ, աահմանփակված է երկամսյա ժամկետով: Վենետիկի հանձնաժողովը հստակ նշել է, եթե անգամ նման մեխանիզմի մասին խոսք է գնում, ապա այն որևէ ձևով չպետք է ազդի ընթացքում գտնվող գործերի վրա: Իսկ տվյալ պարագայում ակնհայտորեն երկու խախտում կա:

Բայց մեկ անգամ ևս կուզենայի իրականությանը նայել իսկապես բաց աչքերով: Արդյո՞ք որևէ մեկ սթափ մարդ կգտնվի, որը կհամարի, որ այս օրենքը իսկապես հենված է կամավորության սկզբունքի վրա: Այն, ինչ արդեն այստեղ տեսնում ենք, հենց «կամավորության» շարունակությունն է»:

Հարցին, իսկ թե ինչի՞ համար են փորձում կաշառել դատավորներին, նախկին նախարարն ասաց. «Որպեսզի երկրում լինի ամբողջովին վերահսկելի Սահմանադրական դատարան: Դա հնարավորություն կտա մեծամասնությանը, իսկ մեծամասնություն ասելով հասկանում եմ Նիկոլ Փաշինյանին, ձևավորել այնպիսի Սահմանադարական դատարան, որը կդառնա այդ իշխանության կամ Նիկոլ Փաշինյանի կամքի կյանքի կոչողը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում