Իշխանությունը փորձում է կիրառել «աչք վախեցնելու» մեթոդը. Արծվիկ Մինասյան

Իշխանությունը փորձում է կիրառել «աչք վախեցնելու» մեթոդը. Արծվիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՍԴ դատավորների մեծամասնությունը պատրաստ չէ գնալու օրինական կաշառքը ստանալ ճանապարհով, ՍԴ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Պարզ է, որ նրանց առնվազն մեծամասնությունը պատրաստ չէ գնալու օրինական կաշառքը ստանալ ճանապարհով: Հիմա, իմ խորին համոզմամբ, իշխանությունը փորձում է կիրառել «աչք վախեցնելու» մեթոդը: Այս ապօրինի գործողություններն ի վերջո պատասխանատվության են կանչելու դրանց նախաձեռնողներին, պատվիրատուներին», – ասաց նա:

Մինասյանը նշեց, որ որպես հարցաքննություն ձևակերպված քննչական գործողությունը ցանկացած պահի կարող է վերածվել ուղղակի մեղադրանքի առաջադրման:

«Կոչ եմ անում նաև մեր քաղաքացիներին, անօրինական մեթոդներով օրինականության հասնել հնարավոր չէ: Նրանք պիտի բացեն իրենց աչքերն ու տեսնեն, որ այն երազանքների Հայաստանը, որն իրենք ուզում էին ընդամենը մեկ տարի առաջ, ցավոք, այսօր աստիճանաբար մարում են: Օր առաջ պետք է պահանջատերը լինեն իրավունքի գերակայության ապահովմանն ու իշխանություններին պարտադրեն վերադառնալ սահմանադրական ընթացակարգեր», – ասաց Մինասյանը:

Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանը պետք է հարցաքննվեր այսօր ժամը 10:30-ին:

Հիշեցնենք նաև, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում