Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքը ստորագրելով պատասխանատվություն է կիսելու դրա քաղաքական հետևանքների համար. Ա. Թևանյան

Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքը ստորագրելով  պատասխանատվություն է կիսելու դրա քաղաքական հետևանքների համար. Ա. Թևանյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այս ամենի նպատակն է ստեղծել մեկ մարդու քաղաքական համակարգ և մեկ մարդու կառավարման համակարգ: Նման կարծիք հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը` անդրադառնալով Հրայր Թովմասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին:

«Այն ուժերը, որոնք դեմ են քվեարկել այն օրենքին` համաձայն որի պետականորեն պետք է կաշառել սահմանադրական դատարանի անդամներին, խոսքս «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների մասին է, նրանք Սահմանադրության համաձայն կարող են դիմել Սահմանադրական դատարան` այդ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հարցում»,-ասաց նա և հավելեց, որ բոլոր դեմ քվեարկողները տեր կանգնեն իրենց քվեարկությանը:

Ըստ Անդրանիկ Թևանյանի` երեկ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքը, ճողոպրեց պատասխանատվությունից և հետագայում հավասար պատասխանատվություն է կիսելու քաղաքական մեծամասնության հետ, այդ թվում՝ քաղաքական հետևանքների համար: «Ես կարծում եմ ՍԴ-ի վրա հարձակումը մեկ մարդու Սահմանադրական դատարան ստեղծելու փորձ է»,-ասաց նա:

Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք, որ երեկ մամուլը գրել էր, ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Սահմանադրական դատարանում: Tert.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ից հայտնել էին, որ ՀՔԾ քննիչը ՍԴ-ում խուզարկություն չի իրականացրել, այլ մանրամասներ չէին հայտնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում