Զարմանալի էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունն ընտրել խափանման միջոց. Արա Ղազարյան

Զարմանալի էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունն ընտրել խափանման միջոց. Արա Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Զարմանալի էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունն ընտրել խափանման միջոց: Ինձ շատ զարմացրեց դա, որևէ մեկը կարծում է՝ Հրայր Թովմասյանը փախուստի՞ պետք է դիմեր, ծիծաղելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

«Ծիծաղելի է ՍԴ դատավորի նկատմամբ խափանման միջոց ընտրել՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Պետք է հաշվի առնել, որ խոսքը Սահմանադրական դատարանի դատավորի մասին է։ Ինչ-որ մեկը կարծում է, որ Հրայր Թովմասյանը փախուստի՞ պետք է դիմեր, ծիծաղելի է»,- ասաց Ղազարյանը և հավելեց, որ սա արդեն անօրինականության հարց է։

Ըստ բանախոսի՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ չպետք է կիրառվեր որևէ խափանման միջոց: Ինչ վերաբերում է մեղադրանքի առաջադրմանը, ապա ըստ Ղազարյանի, կարծես թե օրենքի տառը պահպանված է. «Սակայն Հրայր Թովմասյանի մասին շատ անձնավորված հայտարարություններ են հնչեցվել, որը թույլ է տալիս մտածել, որ այս ամենը զուտ քրեական դատավարություն չէ, այլ ուղղակի արվում է նրան պաշտոնից հեռացնելու համար»։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, Ղազարյանը պատասխանեց, որ սպասելի էր, որ նախագահը պետք է ստորագրեր։

«Ինչո՞ւ չպետք է ստորագրեր։ Նախագահի լիազորություններն էին։ Ընդհանրապես նախագահը պետք է լիներ արբիտրի դերում, բայց այս դեպքում նախագահը այնքան էլ հակված չէ գործադիր իշխանությանը հակառակ որոշումներ կայացնելուն»,- նշեց նա։

Հիեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Երեկ լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանը, անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, ասաց. «Այն, որ մի օր մեղադրանք է առաջադրվելու ինձ, վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ իքս, իգրեկ, զեթ քայլերը չանելու համար Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի: Մի օր կխոսեմ այդ ամենի մասին, իսկ իքս, իգրեկ քայլերը հրաժարական տալն էր: 308-ի երկրորդ մասով ինձ մեղադրանք առաջադրելը ոչ մի բան իմ կյանքում չի փոխել և չի կարող փոխել: Մենք քննիչի հետ բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ և ես իրան ասացի, որ որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական պրոցեսների մեջ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում