Մի դեպքում գործ ունենք պաշտոնեական լիազորությունների չարաշահման, մյուսում՝ ինքնիրավչության հետ. Խաժակյան

Մի դեպքում գործ ունենք պաշտոնեական լիազորությունների չարաշահման, մյուսում՝ ինքնիրավչության հետ. Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի կողմից ստորագրված 70 և ավելի իրավական ակտեր առոչինչ են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Խաժակյանի խոսքով, պատճառն այն է, որ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, չի նշանակել Հայկ Սարգսյանին Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

«Խոսքն այն մասին է, որ նույնը կլիներ, եթե օրինակ քաղաքապետի վարորդը, օգնականը կամ որևէ այլ անձ այդ լիազորությունը ստանձներ և ստորագրեր այդ փաստաթղթերի տակ»,- նշեց Խաժակյանը։

Ավագանու անդամը ներկայացրեց, որ իր ձեռքի տակ է գտնվում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի՝ Վահե Խաչատրյանի կողմից քաղաքապետին ներկայացված զեկուցագիրը՝ համարակալված պաշտոնական փաստաթուղթ, որը մակագրված է քաղաքապետի կողմից։

Այդ փաստաթղթում ասվում է՝ առաջարկում եմ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ կամ որոշմամբ վերահաստատել Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ընդունած որոշումները. «Դա նույնը կլինի, որ քաղաքացիներից մեկը որոշում ընդունի և տանի քաղաքապետին, ասի՝ դե տակը ստորագրի»։

Եվ այն, որ քաղաքապետի լիազորությունները Հրաչյա Սարգսյանը չի դրել Հայկ Սարգսյանի վրա, Խաժակյանի հավաստմամբ, նշանակում է՝ մի դեպքում գործ ունենք պաշտոնեական լիազորությունների չարաշահման, մյուս դեպքում՝ ինքնիրավչության հետ։

Ըստ Խաժակյանի, Հայկ Սարգսյանը քաղաքապետի որոշումների և կարգադրությունների տակ ստորագրել է այն պարագայում, երբ դրա հիմքում չկար որևէ իրավական ակտ. «Սա նշանակում է, որ այդ իրավական ակտերը առոչինչ են, և այն մարդիկ, ում գործերը առնչվել են այդ իրավական ակտերի հետ, ըստ էության տուժողներ են։ Իրենց տրված փաստաթղթերը դե յուրե առոչինչ են»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում