2020 թվականի գլխավոր քաղաքական գործիչները կլինեն Մերկելը, Պուտինն ու Մակրոնը

2020 թվականի գլխավոր քաղաքական գործիչները կլինեն Մերկելը, Պուտինն ու Մակրոնը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հանրային կարծիքի ուսումնասիրման Yougov ինստիտուտը հարցում է անցկացրել, որի արդյունքների համաձայն` Գերմանիայի բնակիչները կարծում են, որ իրենց երկրի կանցլեր Անգելա Մերկելը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգալի դեր կխաղան 2020 թվականին համաշխարհային խնդիրների լուծման գործում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով գերմանական Welt am Sonntag պարբերականին:

Հարցման մասնակիցները պետք է ընտրեին այն քաղաքական գործչին, որը, իրենց կարծիքով, առավել նշանակալի դեր կխաղա 2020 թվականին միջազգային մարտահրավերների լուծման հարցում:

Նշվում է, որ Անգելա Մերկելի անունը նշել է հարցվածների 22%-ը, երկրորդ տեղում է Վլադիմիր Պուտինը՝ 20%, իսկ երրորդում՝ Էմանուել Մակրոնը՝ 19%: Ցուցակում նրանց հաջորդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ում անունը նշել է հարցվածների 16%-ը, Եվրոպական հանձնաժողովի նորընտիր ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի անունը նշել է հարցվածների 12%-ը, Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը հավաքել է ձայների 10%-ը, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ 9%-ը:

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնում Անգելա Մերկելի իրավահաջորդ Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերի անունը նշել է հարցվածների ընդամենը 3%-ը:

Հարցվածների 29%-ն էլ կարծում է, որ քաղաքական գործիչներից և ոչ ոք չի կարողանա համաշխարհային խնդիրներ լուծել:

Հարցվածների թվի մասին տեղեկություն չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում