Դեկտեմբերի 31-ին ժամը 18-ից փակվելու են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը

Դեկտեմբերի 31-ին ժամը 18-ից փակվելու են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ տոնական միջոցառումների կապակցությամբ, ժամը 18-ից փակվելու են Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը:

Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո:

Հարգելի՛ քաղաքացիներ, Ամանորը բոլորիս տոնն է, և այս տարի այն միասին ենք նշելու, հետևաբար միասնաբար պետք է միջոցներ ձեռնարկենք տոնական տրամադրությունը որևէ միջադեպով չխաթարելու, հանրային անվտանգությունն ապահովելու, քաղաքացու հպարտ կոչմանը վայել պահվածքի համար:

Բոլորիս անվտանգությունից ելնելով՝ խնդրում ենք ձեռնպահ մնալ միջոցառման վայր դյուրավառ նյութեր, հրագործական արտադրատեսակներ, ճայթուկներ և նմանատիպ այլ իրեր բերելուց։

Դարձյալ անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ միջոցառումը դրոններով տեսանկարահանելուց։

Ակնկալում ենք բոլորի ըմբռնումն ու համագործակցությունը և կրկին կոչ ենք անում միասնաբար ապահովել հանրային անվտանգությունը, որպեսզի օրվա տոնականությունը չմթագնի։

Շնորհավորում ենք բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում