Իրանի ԱԳ նախարարը Կասեմ Սուլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից «միջազգային ահաբեկչական ակտ»

Իրանի ԱԳ նախարարը Կասեմ Սուլեյմանիի սպանությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից «միջազգային ահաբեկչական ակտ»

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մեկնաբանել է Իրաքում ԱՄՆ գործողությունը, որի հետևանքով սպանվել է «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանին։ Այս մասին հայտարարությունը նա տեղադրել է Twitter-ի իր էջում, գրում է Գազետա.ռու-ն։

Արտգործնախարարը այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից «միջազգային ահաբեկչական ակտ», ինչպես նաև «հիմար էսկալացիա»:

Զարիֆի խոսքով՝ Կասեմ Սուլեյմանի ղեկավարած Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Կուդս» հատուկ ջոկատը ԻՊ-ի դեմ պայքարի ամենաարդյունավետ ուժն է։

ԱԳ նախարարը ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրելու իրանցի հրամանատարի սպանության հետևանքների համար։

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Նշվել է նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում