Իրանը դուրս է գալիս միջուկային համաձայնագրից

Իրանը դուրս է գալիս միջուկային համաձայնագրից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իրանը հունվարի 5-ին հայտարարել է միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու մասին, տեղեկացնում է interfax.ru կայքը:

«Իրանը վերջնականապես հրաժարվում է միջուկային ծրագրերի սահմանափակումներից: Այսպիսով` իրանական միջուկային ծրագիրը չի ունենա ոչ մի սահմանափակում արտադրության մասով, ներառյալ հարստացման հզորացումը, տոկոսային հարաբերակցությունն ու ուրանի հարստացման քանակը, ինչպես նաև այս ոլորտում հետազոտություններն ու ծրագրի հետագա զարգացումը»,- ասված է Իրանի կառավարության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ Իրանը կշարունակի համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ և կվերադառնա միջուկային համաձայնագրով իր պարտավորությունների կատարմանը, եթե երկրի վրայից հանվեն պատժամիջոցները և երաշխավորվեն Իրանի շահերը:

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ «Թեհրանը այսպիսով չի հրաժարվում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններից, սակայն պետք է ստիպի ԱՄՆ-ին պատասխան տալ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար»:

Համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին, սակայն 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր միջուկային համաձայնագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ կոշտ տնտեսական պատժամիջոցները վերականգնելու մասին: Դրանից հետո էլ Թեհրանն սկսել է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների կրճատումը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում: Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում