Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ. Այնքան ուրիշ կերպ է հնչում այսօր այս ավետիսն իմ ականջում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ. Այնքան ուրիշ կերպ է հնչում այսօր այս ավետիսն իմ ականջում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ…

Մեր ժողովրդի քանի հազար սերունդ է լսել այս ավետիսը։ Քանի հազար սերունդ է փրկության հույսով ապրել ու արարել։ Պայքարել ու հող մշակել։ Կռվել ու գրականություն ստեղծել և, ի վերջո, փրկվել։ Պատկերացնու՞մ եք։ Մեր պապերն էլ, ճիշտ մեզ պես, ավետել են միմյանց Քրիստոսի սուրբ ծնունդը և ստացել նույն պատասխանը՝ Ձեզ և մեզ մեծ ավետիս։ Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի։ Ու նրանց պապերն էլ։ Պապերի պապերն էլ…

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ…

Հասկանում եք, չէ՞, ինչի մասին եմ խոսում։ Զգում եք, չէ՞, ինչ մեծ աշխարհի մաս ենք մենք։ Խորունկ աշխարհի։ Ժամանակով ու տարածքով չսահմանափակված աշխարհի։ Նաև հավերժ աշխարհի։ Որ ոչ սկիզբ ունի, ոչ վերջ։ Եվ ի՞նչ է պահանջվում մեզանից դրա փոխարեն։ Հավատք։ Սեր։ Հույս։ Բաներ, որոնք ապրեցնում են։ Ավելին՝ հարստացնում են մեզ։ Գեղեցիկ են դարձնում մեր կյանքը։ Երանի կարողանանք անշեղորեն ընթանալ Տիրոջ ճանապարհով։ Երանի այդքան կամք, այդքան ուժ, այդքան վստահություն ունենանք։

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ…

Այնքան ուրիշ կերպ է հնչում այսօր այս ավետիսն իմ ականջում։ Ու երևի շատերի։ Ու նայում եմ մարդկանց մտքերին և խոսքերին՝ որքան շատ են լռում նրանք, ովքր ամենալավն են հասկանում մեր ժամանակների ողբերգությունը։ Եվ ճիշտ հակառակը՝ որքան շատ են աղմկում նրանք, ովքեր հեռու են Աստծուց։ Բայց… Այսօր մենք ստացանք Փրկչի ծննդյան լուրը։ Եվ ուրեմն փրկությունը մոտ է։ Շատ մոտ։ Մոմեր վառեցեք։ Լուսավորեք ձեզ շրջապատող խավարի ձեր անկյունը։ Հավատքով ու սիրով ցրեք մթությունը և կտեսնեք, թե ինչ հրաշալի աշխարհում ենք մենք ապրում ու թե ինչ չքնաղ երկիր ունենք մենք։

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ։ Օրհնեալ է յայտնությունը Քրիստոսի։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում