Ո՞վ է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը

Ո՞վ է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Ես գիտեմ Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետի անունը։ Ուզու՞մ եք դուք էլ իմանաք։ Ասեմ՝ Արման Բաբաջանյան։ Ինչու՞։ Որովհետև… լավ, եկեք այս հարցին քիչ ուշ պատասխանեմ։ Մինչ այդ երկու ավելի հետաքրքիր բան պատմեմ։

Շատ լավ ընկեր ունեմ՝ Վահագն Վարագյանը։ Մի քանի ամիս առաջ հետը զրուցում էի, ասաց, որ Facebook-ում ինքն իր ընկերների ցանկից ջնջում է բոլոր նրանց, ովքեր, կյանքում լինելով… դե, մեղմ ասած, փափկասուն, ցանցում իրենց դնում են երազած տղերքի տեղը։ Հայհոյանքներ գրում, մեծ-մեծ խոսում և այլն։ Վստահ եմ՝ լավ եք ճանաչում մարդկանց այդ տեսակը։ Նմանները միայն գարշանք են առաջացնում ու ես լավ եմ հասկանում, թե ինչու է Վահագնը կորցնում նրանց իր լրահոսից։ Ես էլ եմ սկսել չնկատել նրանց ու ասեմ, որ անցած այս ամիսների ընթացքում բավական նյարդեր եմ խնայել դրա շնորհիվ։

Հիմա երկրորդ պատմությունը։ 2017թ. ընկերներիցս մեկը հոդված է գրել, որն վերնագրված էր այսպես՝ «Ես գիտեմ, թե ինչով էիք դուք զբաղված անցած ապրիլին»։ Իսկ հոդվածի առաջին նախադասությունը հետևյալն էր. «Եվ ուրեմն գիտեմ, թե ինչ եք անելու դուք այս ապրիլին»։ Խոսքը մեր մեջ, բայց եթե այդ հոդվածը նա գրեր 2018-ին, պիտի ասեի, որ մարգարեացել է։ Իսկ հիմա միայն կասեմ, որ նրա կանխատեսումները մեկ տարի ուշացան։ Բայց հարցը դա չէ։ Այդ հոդվածը այսօր պատահական հիշեցի այն բանից հետո, երբ համացանցում կարդացի Արման Բաբաջանյանի՝ Հրայր Թովմասյանի մասին արված գրառումը։ Վիրավորանքներով և հայհոյանքով։

Հիմա նստած մտածում եմ՝ հնարավոր կլինի՞, համաձայն Վահագնի մոտեցման, ապագայում այլևս չտեսնել Արման Բաբաջանյանի գրառումները։ Չէ՞ որ բոլորս գիտենք, որ ինքը «էն տղեն չի էլի, որ քֆուր-քյաֆարով խոսա»։ Էտքան չկա։ Բայց վախենամ, որ իր դեպքում հնարավոր չլինի։ Ճիշտ այնպես, ինչպես դա հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանի դեպքում։ Որովհետև, ինչպես արդեն ասացի, Արման Բաբաջանյանը լինելու է ՀՀ հաջորդ վարչապետը։ Որովհետև մենք գիտենք, թե ինչով էր զբաղված Փաշինյանը «անցած ապրիլին» և ինչով է զբաղվելու Բաբաջանյանը «այս ապրիլինի»։

Պարզ է, չէ՞, ինչի մասին եմ խոսում։ Մենք ինքներս ենք թույլ տվել, որպեսզի Հայաստանում այսպիսի իշխանություն ձևավորվի։ Որպեսզի Հայաստանում այսպիսի իշխանության պահանջ լինի։ Բաբաջանյանն էլ հասկացել է, որ հայհոյանքը իշխանության ճանապարհ է հարթում։ Ու ինքը, լինելով այնպիսին, ինչպես ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին բնութագրել են Խաչատուրովի որդիները, հիմա իրեն դրել է երազած տղու տեղ։ Եվ դա աշխատում է թե՛ Facebook-ում, թե՛քաղաքականության մեջ։ Ու աշխատելու է այնքան ժամանակ, մինչև մեզ նմանները նրանց նմաններին իրենց տեղը չդնեն։ Ամեն ինչին չափ ու սահման կա ու արմանբաբաջանյաններն այդ չափերն արդեն անցել են։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում