Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հարկային օրենսգրքի փոփոխությունները

Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հարկային օրենսգրքի փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: 2019-ի հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունել էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի դրույթները մեծամասամբ ուժի մեջ են մտել 2020-ի հունվարի 1-ից:

ՀՕ օրենսգրքի էական փոփոխությունը եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափի անցումն էր: Մասնավորապես, այս տարվա հունվարի 1-ից եկամտահարկը համահարթ 23 տոկոս է, նախկին պրոգրեսիվ դրույքաչափերի փոխարեն: Իսկ մինչև 2023 թվա­կա­նը եկամտահարկն աստիճանաբար նվազելու է ևս 3 տոկոսային կետով:

Հիշեցնենք, որ եկամտահարկի նախկին դրույքաչափերը հետևյալն էին՝ մինչև 150 000 դրամ աշխատավարձի դեպքում հարկվում է 23 %, 150 000 – 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս, 2 մլն դրամից ավելիի դեպքում՝ 36 %:

Միաժամանակ, եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար կվերականգնվի կուտակային կենսաթոշա­կային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավա­սա­րու­թյան սկզբունքը:

2020 թ.-ի հունվարի 1-ից, օրինակ, մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում աշխատավարձը կմնա անփոփոխ, իսկ 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում բարձրացումը կկազմի 25 հազար դրամ:

Հարկային օրենսգրքի փոփոխություններով նվազեցվել է նաև շրջանառության հարկի շեմը, այն 58.35 մլն դրամից կրկին կբարձրանա մինչև 115 մլն դրամ։ Նաև 2 տոկո­սային կետով կնվազեցվի շահութահարկի դրույքաչափը՝ դառնալով 18 տոկոս:

2020-ի հունվարի 1-ից կպարզեցվի փոքր ձեռ­նար­կա­տի­րու­թյան հարկման համակարգը: Մասնավորապես, վերացվել է արտոնա­գրա­յին հարկի համակարգը, իսկ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտա­նե­կան ձեռնարկա­տի­րու­թյան համա­կարգի փոխա­րեն ներդրվել է մեկ միասնական՝ միկրո­ձեռ­­նար­կատիրության հարկ­ման համակարգ՝ սահ­մանելով, որ հարկման այս համակար­գից կարող են օգտվել ինչպես իրավա­բա­նա­կան անձինք և անհատ ձեռնարկատերերը, այն­պես էլ անհատ ձեռնարկատեր չհան­դի­սա­ցող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրաց­ման շրջանառության տարե­կան մեծու­թյունը չի գերազանցում 24 միլիոն դրամը:

Փոփոխություններով առավել առաջանցիկ տեմպերով կբարձրա­նան ծխա­խոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Օրինակ, 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ամբողջական տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), իսկ ներառյալ 9 տոկոս սպիրտայնությամբ ապրանքների համար ակցիզային հարկը յուրաքանչյուր լիտրի համար սահմանվում է 100 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում