«Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանի իրեն ցանկացած ագրեսիայի դեմ». Զարիֆ

«Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանի իրեն ցանկացած ագրեսիայի դեմ». Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի գործողությունները համաչափ պատասխան են ԱՄՆ-ի կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, և որ իրենք հարված են հասցրել այն բազային, որի կողմից հարձակման է ենթարկվել իրանցի գեներալը: Այս մասին նա գրել է իր Twitter-ի էջում:

«Իրանը նախաձեռնել է համաչափ պատասխան ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակում՝ հարված հասցնելով բազային, որի կողմից վախկոտ հարձակում էր կատարվել մեր քաղաքացիների և բարձրագույն պաշտոնատար անձանց նկատմամբ»,- գրել է Իրանի արտգործնախարարը:

«Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանի իրեն ցանկացած ագրեսիայի դեմ»,-ընդգծել է Զարիֆը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը հրթիռակոծվել է:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում