Իրանը մտադիր չէ կործանված ինքնաթիռի «սև արկղերն» Ուկրաինային տրամադրել. լրատվամիջոցներ

Իրանը մտադիր չէ կործանված ինքնաթիռի «սև արկղերն» Ուկրաինային տրամադրել. լրատվամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Իրանը մտադիր չէ հունվարի 8-ին վթարի ենթարկված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի «սև արկղերն» Ուկրաինային տրամադրել: Այս մասին հայտարարել է երկրի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն, հայտնում է reuters.com կայքը:

Թեհրանը դեռ չի որոշել, թե տվյալների վերծանման և վերլուծության համար որ երկիր է ուղարկելու «սև արկղերը»:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն հայտնել է, որ Կիևը և Թեհրանը պայմանավորվել են համակարգել քննչական խմբերի գործողությունները:

Ուկրաինայի նախարարն աղետի վերաբերյալ զրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

«Երկուսն էլ ցավակցել են միմյանց: Պայմանավորվել են սերտորեն համակարգել մեր քննչական խմբերի հետագա գործողությունները` Թեհրանում PS752 չվերթի ինքնաթիռի վթարի պատճառը պարզելու նպատակով»,- գրել է Պրիստայկոն Twitter սոցիալական կայքի իր էջում:

Ամերիկյան Boeing ավիացիոն կորպորացիան իր հերթին մեկնաբանություն է թողել, որում մասնավորապես ասվում է. «Սա ողբերգական իրադարձություն է, և մեր անկեղծ մտքերն անձնակազմի, ուղևորների և նրանց ընտանիքների հետ են: Մենք կապի մեջ ենք ավիաընկերության հաճախորդների հետ և այս դժվարին պահին կանգնած ենք նրանց կողքին: Մենք պատրաստ ենք ցանկացած ձևով աջակցել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում