Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք դեռևս չկա. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք դեռևս չկա. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ դեռևս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք: Հաղորդագրությունում ասվում է.

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մշտական կապի մեջ է EASA-ի (European Aviation Safety Agency), Եվրականտրոլի (European Organization for the Safety of Air Navigation), ինչպես նաև Ուկրանիայի և Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների հետ:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է իր որոշումն առ այն, որ դեռևս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք: Միևնույն ժամանակ նշում ենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը և հանրությանը մշտապես կիրազեկի իր որոշումների մասին:

Տեղեկացնում ենք, որ Armenia Airways ավիաընկերության կողմից իրականացվող Երևան-Թեհրան հաջորդ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 10-ին: Իսկ UR ավիաընկերության կողմից իրականացվող Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը նախատեսվում է ս.թ. հունվարի 12-ին:

Չվերթերի փոփոխության դեպքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կտեղեկացնի մինչ չվերթերի իրականացումը»:

Հիշեցնենք, որ այսօր Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Իրաքում գործող ավիաբազաների, որտեղ ամերիկյան զինուժն է գտնվում։ Ավելի վաղ Իրաքում ամերիկյան զինուժի ավիահարվածից սպանվել էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ինչից հետո Իրանը հայտարարել է, որ գեներալի սպանության համար վրեժ է լուծելու։

Նշենք նաև, որ Թեհրանի մոտակայքում այսօր նաև ուկրաինական ինքնաթիռ է կործանվել, օդանավում գտնվել է 179 մարդ՝ ուղևորներն ու անձնակազմը, որոնք բոլորը զոհվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում