Ուկրաինայում հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել

Ուկրաինայում հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ հունվարի 9-ը սգո օր հայտարարելու վերաբերյալ, հաղորդում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը, գրում է korrespondent.net-ը:

Հրամանագիրը ենթադրում է հունվարի 9-ին Ուկրաինայի ամբողջ տարածքում պետական դրոշի խոնարհում պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների շենքերին:

Որոշվել է նաև չեղյալ հայտարարել ժամանցային և համերգային միջոցառումները, ինչպես նաև համապատասխան փոփոխություններ կատարել հեռուստա-ռադիողադորդումների ծրագրերում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, երեկ վաղ առավոտյան Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել:

Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:

Տարբեր աղբյուրների համաձայն` օդանավում գտնվել է 176-179 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում