«Եթե առաջիկա 10-15 օրերին հողը ձնաշերտով չպատվի, աշնանացան ցորենի բերք չենք ունենա»

«Եթե առաջիկա 10-15 օրերին հողը ձնաշերտով չպատվի, աշնանացան ցորենի բերք չենք ունենա»

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Կայուն շարունակվող տաք և անձյուն ձմեռը սկսել է մտահոգել գյուղատնտեսներին և բնապահպաններին։ Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից 3-5 աստիճանով բարձր մնալ։

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը նշում է, որ եթե առաջիկա 10-15 օրերին հողը ձնաշերտով չպատվի, ապա աշնանացան ցորենի բերք չենք ունենա։

«Էսօր մեզ համար միակ մտահոգիչ հարցն այն է, որ աշնանացան ցորենի ցանքատարածությունները հիմնականում փակված չեն։ Խնդիրը հատկապես առկա է Շիրակի գոտում, Արարատյան հարթավայրում։ Դա մտահոգիչ է, որովհետև «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։

Գյուղատնտեսի խոսքով, աշնանացան ցորենի խնդիը լուրջ է, քանի որ մի կողմից պակասել են ցանքատարածությունները, մյուս կողմից՝ ցանված տարածքներում հողը ձնաշերտով պատված չէ. «Եթե 10 օրվա մեջ ձնածածկույթ լինի, կունենանք կորուստներ, բայց փոքր չափով»։

Բերբերյանը նշում է, որ խաղողի այգիները և բերքատու ծառերը ակտիվություն ցույց չեն տա, ուստի այդ ուղղությամբ անհանգստանալ դեռ չարժի։

«Երեկոյան 0 աստիճանից ցածր է ջերմաստիճանը, վեգետացիա չի կարող լինել։ Էնպես որ էնտեղ դեռ վտանգներ չենք տեսնում։ Բայց դեռ չգիտենք, թե բնությունն ինչ անակնկալներ կմատուցի մեզ»,- նշեց Հրաչ Բերբերյանը։

Բնապահպանական տեսանկյունից ևս տեղումների բացակայությունը բավականին մտահոգիչ է։

Բնապահպան Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չոր ձմեռը առաջին հերթին ջրային ռեսուրսների խնդիրն է սրելու։

«Մենք առանց այդ էլ ունենք ջրային ռեսուրսների խնդիր՝ Սևանից մինչև գետեր, որոնց վրա կառուցվել են ՀԷԿ-եր։ Դրան կից գյուղերն ամռան ընթացքում ունենում են ոռոգման խնդիր, իսկ եթե ջրամբարներում ձնհալից առաջացած ջուր չլցվի, ապա Սևանից ջրբացթողումներ պետք է անեն, ինչը գլոբալ խնդիր է մեզ համար»,- նշեց Սիլվա Ադամյանը։

Վերջինիս խոսքով, երկրորդ խնդիրը, որ առաջացնում է չոր ձմեռը, հրդեհավտանգ իրավիճակն է։

«Ամեն օր լսում ենք ահազանգեր, որ անտառածածկ հատվածներում հրդեհներ են բռնկվել։ Դա ևս ձյան պակասի և օդի բարձր ջերմաստիճանի հետևանք է։ Մենք դեռ չգիտենք՝ գարնանը մեզ ինչ է սպասվում, կարող է գարնանը բացասական ջերմաստիճան գրանցվի։ Իսկ Հայաստանը պատրաստ չէ կլիմայական այս գլոբալ փոփոխություններին։ Անգամ Ավստրալիայի պես հզոր պետությունը չկարողացավ իր կենդանական և բուսական աշխարհը պահպանել»,– նշեց Ադամյանը։

Բնապահպանի խոսքով, խիստ կարևոր է կենսաբազմազանության պահպանությունը, որի պահպանման համար ՀՀ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ հաշվի առնելով կլիմայական ցանկացած փոփոխություն. «Սա գլոբալ խնդիր է, որը Հայաստանը չի կարող շրջանցել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում