Կալանավորումների գործընթացը վաղուց դուրս է եկել իրավական տրամաբանության շրջանակից. իրավապաշտպան

Կալանավորումների գործընթացը վաղուց դուրս է եկել իրավական տրամաբանության շրջանակից. իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Իմ կարծիքով` այս գործընթացը վաղուց դուրս է եկել իրավական տրամաբանության շրջանակից և գործում է բացարձակապես այլ տրամաբանություն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին սանիկ Նորայր Փանոսյանի կրկնակի կալանավորման հանգամանքին։

«Իհարկե, իրավապահ մարմինները միշտ հնարավորություն ունեն մեղադրանքում ինչ-որ փոփոխություններ կատարել։ Կարծում եմ՝ դեռ պետք է պարզաբանվի, թե փոփոխություններն այն աստիճանի՞ են եղել, որ անհրաժեշտ չափանիշի հետ գործ ունենանք։ Իսկ անհրաժեշտ չափանիշը նոր մեղադրանքն է։ Կարծում եմ՝ պետք է հասկանալ, թե առաջին՝ արդյոք մենք իրավաբանորեն կարող ենք գործ ունենալ նոր մեղադրանքի հետ՝ ելնելով ոչ միայն ներպետական, այլև միջազգային չափանիշներից։

Երկրորդ՝ արդյոք այս կալանավորումն այն նույն իրավական տրամաբանությամբ չի եղել, ինչ՝ առաջին կալանավորումը, որը Վերաքննիչ դատարանը վերացրեց։ Ամեն դեպքում, այս ամենը երկրորդական է։ Առաջնայինն այն է, որ այս ողջ գործընթացը վաղուց արդեն դուրս է եկել իրավական տրամաբանության շրջանակից», – ասաց Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանն այսօր կալանավորվել է։ Ոորոշումը հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը։

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետևանքներ և կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում