Կենսաթոշակները հնարավոր էր բարձրացնել ոչ թե 10, այլ՝ 50 տոկոսով. Թադևոս Ավետիսյան

Կենսաթոշակները հնարավոր էր բարձրացնել ոչ թե 10, այլ՝ 50 տոկոսով. Թադևոս Ավետիսյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: 2020 թվականի պետական բյուջեով սոցիալական պաշտպանությանն ուղղվող միջոցների 60 տոկոսը (շուրջ 275 միլիարդ դրամ), պետությունը վճարում է քաղաքացիներին՝ որպես կենսաթոշակ: Դրական է, որ 2020 թվականին միջինը 10 տոկոսով բարձրացել է կենսաթոշակի չափը: Սակայն զուգահեռաբար առաջանում են նաև օբյեկտիվ հարցեր, որոնց անդրադարձել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

Մասնավորապես, արդյո՞ք համարժեք և բավարար են կենսաթոշակի ոլորտում իրականացվող փոփոխությունները տրված խոստումներին և խոստացված բարեփոխումներն իրականացնելու դեպքում որքա՞ն պետք է բարձրանար կենսաթոշակը:

Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ բազմիցս նշվել է, որ այս ոլորտում շարունակվում են չլուծված մնալ համակարգային խնդիրներ, որոնց լուծման խոստումները տեղ են գտել նաև գործող կառավարության ծրագրերում, սակայն փաստն այն է, որ խոստացված լուծումները կա՛մ հետաձգվում են ապաշնորհ կառավարման հետևանքով, կա՛մ էլ պոպուլիստական հիմնավորումներով ենթարկվում են տրամաբանորեն հակառակ փոփոխությունների: Արդյունքում, առաջանում են պետական բյուջեի լրացուցիչ ծախսեր, ինչը թույլ չի տալիս առկա հնարավորություններն ուղղել կենսաթոշակների չափերի էական բարձրացմանը:

Մասնավորապես, փաստացի շարունակվում է կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժի հավելագրումը, որը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքն է:

Ըստ Ավետիսյանի՝ խնդիրը համակարգային լուծելու նպատակով նախատեսվում էր մինչև 2019 թվականի հունվարի 1-ն ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները, ընդ որում գործընթացը մեկնարկել էր 2016 թվականի օգոստոսին, որը, սակայն 2018 թվականի վերջին նոր ձևավորված կառավարության առաջարկով մեկ տարով հետաձգվեց:

2019 թվականն ավարտվեց և օրենքով սահմանված վերջնաժամկետը լրացավ, սակայն աշխատանքային գրքույկների թվայնացումն իրականացված չէ և պարզ չէ՝ կշարունակեն արդյո՞ք և երբ կավարտեն համակարգային այս բարեփոխումը:

Սոցիալական ապահովության պետական ծառայությունն այս աշխատանքները կատարելու համար ունի 51 տարածքային կենտրոն, 650 աշխատող և ուներ ավելի քան երեք տարի ժամանակ: Խոսքը վերաբերում է շուրջ 600 հազար վարձու աշխատողների աշխատանքային գրքույկներին, որոնք գործատուները պետք է ներկայացնեին պետական այդ ծառայություն, իսկ վերջինս էլ՝ պետք է դրանք սքանավորեր ու մուտքագրեր կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան:

Առանց աշխատանքային գրքույկների թվայնացման անհնար է վերացնել կեղծ ստաժի հավելագրման արատավոր պրակտիկան: Թվայնացնելով աշխատանքային գրքույկները՝ հնարավոր կլիներ լիարժեք ապահովել անհրաժեշտ տեղեկատվական հիմքը՝ աշխատանքային կեղծ ստաժի հիման վրա կենսաթոշակի նշանակումները բացառելու համար:

Այս մասին շուրջ երկու տարի է միայն խոսում են գործող իշխանությունները, իսկ այդ երևույթն էլ ավելի է խորանում՝ բարձիթողի կառավարման ֆոնին:

Կեղծ աշխատանքային ստաժի հիմքով ավել վճարվող գումարները կարող են ուղղվել կենսաթոշակների բարձրացմանը: Ընդհանրական գնահատումներով կենսաթոշակային համակարգը կեղծ ստաժներից մաքրելու արդյունքում խնայվող միջոցները բավարար կլինեն կենսաթոշակների միջին չափը շուրջ 10-15 տոկոսով բարցրացնելու համար:

Մյուս կողմից՝ օրվա իշխանությունները հետևողականորեն առաջ են մղում կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը, որին նախկինում սկզբունքորեն դեմ էին, բայց իշխանության գալուց հետո ոչ միայն կողմ են, այլև այս բաղադրիչն ընդլայնելու համար հատկացնում են լրացուցիչ պետական միջոցներ: Մասնավորապես, 2019 թվականին պետական բյուջեով պարտադիր կուտակային համակարգի ֆինանսավորմանը հատկացվել է 56 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից 12 միլիարդ դրամով ավելի է: 2020 թվականին այս համակարգի ֆինանսավորման համար կհատկացվի 70 միլիարդ դրամ:

Ավետիսյանի կարծիքով, համակարգը չեղարկելու դեպքում, հնարավոր կլինի այդ միջոցներն ուղղել և էապես՝ առնվազն 25 տոկոսով բարձրացնել կենսաթոշակի չափը:

Փաստորեն, առկա համակարգային խնդիրները խոստացվածին համարժեք և ժամանակին լուծելու պարագայում կենսաթոշակի միջին չափը հնարավոր կլիներ 10 տոկոսի փոխարեն բարձրացնել շուրջ 50 տոկոսով:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող

Հետևեք մեզ նաև Telegram-ում