Կրկին քաղաքացիներին դարձնում ենք «գործ բստրողներ». Վարդան Բոստանջյան

Կրկին քաղաքացիներին դարձնում ենք «գործ բստրողներ». Վարդան Բոստանջյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Առաջարկը, որ քաղաքացիները տեսանկարահանեն այն դեպքերը, երբ տնտեսվարողները չեն տրամադրում հսկիչ դրամարկղային կտրոններ, ֆիզիկական անձանց դարձնում է «գործ ներկայացնողներ», «գործ բստրողներ», իսկ քաղաքացիների կողմից տեսանկարահանումը հղի է շատ վտանգավոր հետևանքներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը:

«Յուրաքանչյուր քաղաքացի կարող է բազմաթիվ սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով այնքան կեղծ իրավիճակներ ստեղծել, որ ՀԴՄ կտրոնների տրամադրումը վերահսկելու փոխարեն, այն դառնա չարիք հասարակության համար: Այն էլ մեր իրականության պայմաններում, որտեղ «պողոսները» շատ-շատ են»,- ասաց տնտեսագետը:

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է քաղաքացիների տեսանկարահանման հիման վրա տնտեսվարողին տուգանել ՀԴՄ չտալու համար: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ շարունակում է ահազանգեր ստանալ՝ տնտեսվարողների կողմից ՀԴՄ կտրոններ չտրամադրելու վերաբերյալ. «Կարծում եմ սա ճիշտ ճանապարհ է, սակայն իրավաբանները պետք է եզրակացություն տան, թե ինչքանով է այս գաղափարը հակասում է մեր կարգավորումներին, բայց պետք է գնալ այդ ճանապարհով, որովհետև խոսքն ազգային հարստության մասին է»,- ասել էր վարչապետը:

Ավելի վաղը ընդունվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արմեն Փամբուխչյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով նկարահանված ՃԵԿ խախտումների վերաբերյալ իրականացվող վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու» նախագիծը, որով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն կարող են արձանագրել ոչ միայն ճանապարհներին տեղադրված տեսախցիկները, այլև ցանկացած անձ, ով ունի տեսանկարահանող ու լուսանկարահանող որևէ սարքավորում:

Վարդան Բոստանջյանի խոսքով՝ պետությունը պետք է ունենա կանոնակարգման այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն կամ նվազագույնը կհասցնեն անհատի դերը վերահսկողական գործընթացում:

«Հասարակութունը պետք է զբաղված լինի ռացիոնալ, արդյունավետ գործունեությամբ: Հիմա ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր հիմնական գործը թողնի և զբաղվի դրանցով: Բացի այդ, փաստորեն, ուղեղային փոքր հնարավորություններ ունեցողներին, հոգով չար սուբյեկտներին հրավիրում ես գործունեության, որի հետևանքով ոչ թե նրանք օգուտ են բերում, այլ իրավիճակը խառնում են»,- նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում