Պետդեպն Իրանին կոչ է արել հրապարակավ ներողություն խնդրել բրիտանացի դեսպանի ձերբակալության համար

Պետդեպն Իրանին կոչ է արել հրապարակավ ներողություն խնդրել բրիտանացի դեսպանի ձերբակալության համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն Իրանի իշխանություններին կոչ է արել հրապարակավ ներողություն խնդրել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքեյրի ձերբակալության համար:

«Իրանական ռեժիմը ձերբակալել է Մեծ Բրիտանիայի դեսպանին, ինչը Վիեննայի կոնվենցիայի խախտում է: Այս ռեժիմը տվյալ կոնվենցիան խախտելու երկար պատմություն ունի: Մենք ռեժիմին կոչ ենք անում պաշտոնապես ներողություն խնդրել Մեծ Բրիտանիայից՝ թույլ տված իրավունքի խախտման համար, ինչպես նաև հարգել բոլոր դիվանագետների իրավունքները»,- իր թվիթերյան էջում գրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մաքեյրը ձերբակալվել է հակակառավարական ցույցին մասնակցելու համար և ավելի քան մեկ ժամ ոստիկանական բաժանմունքում պահվել: Ինքը՝ դեսպանը հերքել է հակակառավարական ցույցին մասնակցելու լուրը։

Միացյալ Թագավորության արտաքին հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը հայտնել էր, որ դեսպանին ձերբակալել են առանց որևէ բացատրության, ինչը նա բնորոշել էր որպես միջազգային իրավունքի «կոպիտ խախտում»:

Հիշեցնենք, որ Թեհրանում նախօրեին հակակառավարական ցույցեր են մեկնարկել. ցուցարարները պահանջում էին երկրի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը: Իրանցիների այս պահանջը պայմանավորված է հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարով, որի հետևանքով 176 մարդ էր զոհվել: Իրանի իշխանությունները նախօրեին խոստովանել էին, որ «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում