Մեր ժամանակների հերոսները

Մեր ժամանակների հերոսները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: 2016թ. Ապրիլյան պատերազմից մի դրվագ հիշեցի, որ ընկերներս են պատմել։ Խոսքը երիտասարդ հրամանատարներից մեկի մասին էր, ով իր զինվորներին ոգևերոլու համար ասում էր. «երանի ձեզ, տղերք, Աստված ձեզ հերոսանալու շանս տվեց»։ Տղերքն էլ, հաջողություններից ոգևորված, իսկապես հերոսանում էին՝ էլ տանկ խոցել, էլ թշնամի ոչնչացնել… Ամեն մեկը որքան հասցրեց, այդքան օգտվեց Աստծո պարգևից։ Կարգին գործ են արել ու հաղթանակ կերտել մեր ժողովրդի համար։ Պատկերացնում եմ, թե ինչ հաճույքով էին կռվում։ Պատմության ու Հայրենիքի առջև պատասխանատվության ինչպիսի զգացողությամբ։

Իրենց ու հատկապես այդ երիտասարդ հրամանատարի մասին շատ եմ մտածել հետո։ Հոգեհարազատ ինչ-որ բան կար նրա խոսքերում։ Ուշադիր լսեք՝ Աստված ձեզ հերոսանալու շանս տվեց։ Հիշում եմ, փոքր ժամանակ Հայրիկիս շատ էի հարցուփորձ անում պատերազմի մասին։ Ինձ դուր էին գալիս իր ու իր ընկերների պատմությունները։ Այնքան գունեղ էր ամեն ինչ, որ մեկ ինձ Լիսագորի անտառներում թշնամուն հետապնդելուց էի պատկերացնում, մեկ էլ՝ Մարտակերտում՝ վերջին ուժերով դիրք պահելուց։

– Մեծանամ, ֆիդայի եմ դառնալու, – երազկոտ ասում էի ես։

– Չէ, բալես։ Աստված չանի ֆիդայիներ լինեն, երբ մեծանաս։

Սկզբից չէի հասկանում՝ ինչու էր այդպես ասում, հետո տեղ հասավ՝ պետություններին բանակներ են պետք և ոչ թե ֆիդայական խմբեր։

«Բայց իմ հոր ու իր ընկերների պատմածները ֆիդայիների մասին են», – մտածում էի ես՝ մեծանալուս զուգընթաց հարմարվելով այն մտքին, որ այդքան սիրուն, նաև ռոմանտիկ թվացող կյանք ինձ չի «սպառնում»։ Հետո պատերազմն ավարտվեց ու ամեն ինչ վերջացած թվաց ինձ։ Հերոսներն արդեն կային։ Նրանց մի մասը մեր կողքին էր ապրում, մյուս մասը՝ աշխարհներից լավագույնում։ Հաղթանակները շատ իրական և շոշափելի էին։ Անգամ Հայրս ու իր ընկերները սկսեցին ուրիշ բաներով զբաղվել։ Տարօրինակ էր։

Մինչ պատերազմի ավարտը հերոսությունն ինձ համար շատ կոնկրետ տեսք ուներ՝ պետք էր կռվի դաշտում հնարավորինս շատ թուրք սպանել։ Այն ժամանակ չէի տեսնում, չէի հասկանում, որ հորիցս առավել, օրինակ, մայրս է հերոս։ Որովհետև անտրտունջ գնում էր ամուսնու ետևից, չէր վիճում նրա հետ, չէր հակաճառում, այլ ամեն պահ կանգնած էր նրա կողքին։ Որովհետև իր զավակների կյանքին սպառնացող վտանգի երեսից օրվա ընթացքում 10 անգամ այն աշխարհ էր գնում-գալիս, բայց շարունակում ապրել ու ապրեցնել։ Կարծես ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ։ Չէի տեսնում ու չէի հասկանում, որ իմ հոր ընկերներից ավելի քաջ նրանց տիկնայք ու մայրերն էին, որ, չնայած ռմբակոծություններին, շարունակում էին դպրոցներում երեխա կրթել ու հիվանդանոցներում մարդ բուժել։

Հետո մի քիչ էլ մեծացա։ Այլ հերոսների էլ տեսա։ Ծեր կանանց, որ ապրում են իրենց անմահացած զավակների վիշտը սրտներում։ Ապրում են լոկ մի բանի համար… որ շարունակեն իրենց որդիների գործը, որ նրանց բացակայությունը չզգացվի։ Որ իրենց սերն այլ մայրերի զավակներին բաշխեն։ Տեսա երիտասարդ ծնողների, որ օր ու գիշեր տանջվում, պայքարում են իրենց երեխաների լավ ապագայի համար։ Ու էլի շատ բան տեսա, որ ո՛չ պատմելու է և ո՛չ էլ հավատալու։

Հիմա կհարցնեք՝ ինչու՞ հիշեցի այս ամենը։ Ասեմ։ Վաղուց եմ մտածում այս հիշողություններով և մտորումներով կիսվելու մասին։ Կիսվել և հետո մատնացույց անել մեր երկրի համար չափազանց կարևոր պայքարի առաջնագծում կանգնած հերոսներին։

Ալվինա Գյուլումյան, Արևիկ Պետրոսյան, Արման Դիլանյան, Արաիկ Թունյան, Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան, Աշոտ Խաչատրյան և, վերջապես, Հրայր Թովմասյան։ Ձեզ ծանո՞թ են նրանց անունները։ Թե ոչ, հիշեք՝ մեր ժամանակների հերոսներն են։ Մարդիկ, ում Աստված հերոսանալու շանս է տվել։ Նրանք էլ օգտվում են։ Կարծում եմ՝ հեշտ չէ։ Հատկապես, երբ քեզ փորձում են ամեն կերպ կոտրել՝ մեկ ցմահ ճոխ թոշակ խոստանալով, մեկ էլ՝ արտաամուսնական կապեր բացահայտելու սպառնալիքով։ Մեկ ծեր ծնողների տները խուզարկելով, մեկ էլ՝ դստրերին ԱԱԾ «հրավիրելով»։ Նման պայմաններում պետք է որ դժվար լինի հասնել Աստծո՝ մեկնած ձեռքին։ Չգիտեմ։ Ինձ նման շանս երբեք չի տրվել։ Բայց երանի նրանց, ում տրվել է և ով կարողացել է օգտվել այդ հնարավորությունից։ Նրանք գիտեն իրենց առաքելությունը և պատվով են իրականացնում այն։ Տարիներ կանցնեն, խոսքս կհիշեք։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում