ՍԴ-ը ՀՀ անվտանգության և ՀՀ սահմանների մասով բավականին մեծ լիազորություններ ունի. Արսեն Բաբայան

ՍԴ-ը ՀՀ անվտանգության և ՀՀ սահմանների մասով բավականին մեծ լիազորություններ ունի. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Տրամաբանական եմ համարում, որ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններով պայմանավորված երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների մասին խոսում են տարբեր մարդիկ՝ այդ թվում ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի գրառմանը:

«Սա վաղուց հաստատված փաստ է, բայց, բնականաբար, ԱԱԾ նախկին ղեկավարը շատ ավելի տեղեկացված է: Եկեք հիշենք, որ ՀՀ-ի հետ կապված միջազգային փաստաթղթերը, սահմանների հարցերը՝ այդ թվում Արցախի հարցի հետ կապված և Սահմանադրությունն ամբողջությամբ գտնվում է հենց Սահմանադրական դատարանի քննության ենթակա լիազորությունների մեջ: Այս ուղղություններով հետագա բոլոր հնարավորությունների իրավական ձևակերպումները պետք է անցնեն ՍԴ մաղով: Այստեղից էլ հետևում է, որ Սահմանադրական դատարանը ՀՀ անվտանգության և ՀՀ սահմանների մասով բավականին մեծ լիազորություններ ունի»,- նշեց նա:

Բացի անվտանգությունից, Արսեն Բաբայանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի դեմ կատարվող գործողությունները հանգեցնելու են պետության հեղինակության նվազման:

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել՝ նշելով, որ նախկինում արած իր զգուշացումը՝ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների մասին, առնչվում էր նաև ՍԴ շուրջ ծավալվող իրադարձություններին. «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»,- գրել էր նա:

Հարցին՝ ԱԱԾ նախկին տնօրենի գրառումից կարելի՞ է ենթադրել, որ քաղաքական իշխանությունների կողմից հանձնարարական է եղել ԱԱԾ-ին՝ ՍԴ դեմ գործողություններ կատարել, Արսեն Բաբայանը պատասխանեց. «Չեմ փորձի ժամանակից առաջ ընկնել և ուղղակի կանխատեսումներ անել մի բանի շուրջ, որի մասին ունենք շատ քիչ տեղեկություն: Արթուր Վանեցյանն ասել է, որ խոսելու է, երևի սպասենք: Ճիշտ կլինի, որ նա որևէ բան ասի այս թեմայով»:

Հիշեցնենք նաև, որ անցյալ տարվա սեպտեմբերին Արթուր Վանեցյանը հրաժարվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Նա հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր․ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում