Սահմանից ընդամենը 5 կմ ենք հեռու, սա բազմաթիվ ծննդկանների սպասարկող միակ ծննդատունն է տարածքում. Աչաջուրի համայնքապետ

Սահմանից ընդամենը 5 կմ ենք հեռու, սա բազմաթիվ ծննդկանների սպասարկող միակ ծննդատունն է տարածքում. Աչաջուրի համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: 2020 թվականն Առողջապահության նախարարությունն ազդարարեց հայտարարությամբ՝ հանրապետության մի շարք բնակավայրերի ծննդատներ կլուծարվեն, քանի որ ապահովում են տարեկան սահմանվածից քիչ ծնունդ, չունեն տեխնիկական հագեցվածություն ու սանիտարահիգիենիկ պայմաններ, դրանց գործունեությունը տնտեսապես նպատակահարմար չէ: Օրեր շարունակ մանագիտական հանրությունն ու տվյալ բնակավայրերի բնակիչները բողոքի ցույցեր են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց համայքների ծննդատները ոչ թե փակվեն, այլ՝ վերազինվեն:

Լուծարման ցուցակում տեղ է գտնել նաև Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր համայնքի ծննդատունը: Թեև գյուղը շուրջ 5000 բնակիչ ունի, սակայն տեղի հիվանդանոցում հաշվառված են նաև հարևան՝ սահմանապահ գյուղերի ևս շուրջ 5500 ընտանիքներ: Ընդհանուր հաշվարկով՝ հիվանդանոցն (այդ թվում՝ ծննդատունը) սպասարկում է մոտ 17-18 հազար բնակչի:

«Մենք հասկանում են, որ խնդիրներ կան, օրինակ՝ անեսթեզիոլոգ չունենք ու չենք էլ ունեցել, բայց մենք նախարարությանը խնդրում ենք ծննդատունը փակելու փոխարեն մեզ ուղղակի անեսթեզիոլոգ տրամադրել: Երբ, օրինակ, կեսարյան հատման խնդիր է առաջանում, ծննդկանին մեզ մոտից Իջևան ենք տեղափոխում: Մի քանի ամիս առաջ մեզ շտապ օգնության մեքենա են տրամադրել, ինչը գործն առավել է հեշտացնում: Փառք Աստծո, որևէ ողբերգական դեպք չենք ունեցել: Մի քանի օր առաջ մեր բժշկի՝ Կորյուն Վարդապետյանի հետ գրանցման մատյանն էինք նայում, ծնունդներ է ընդունել Այրումից, Նոյեմբերյանից, Բերդից, Արծվաբերդից, անգամ՝ Լոռու մարզի Արջուտից», – Aysor.am-ի հետ զրույցում նշեց Աչաջուրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանը:

Նա չի հերքում՝ իրենց հիվանդանոցը (նաև՝ ծննդատան բաժանմունքը) վիրահատարան չունի: Ինքը, որպես համայնքի ղեկավար, պատրաստվում էր դիմել Առողջապահության նախարարություն, որպեսզի թեկուզ համաֆինանսավորմամբ՝ հիվանդանոցում եղած բացթողումները շտկեն, վիրահատարան ստեղծեն: Վստահ է՝ բարերարներ կգտնվեն, ովքեր ֆինանսական ներդրումներ կանեն բնակիչների համար անչափ կարևոր այս հաստատությունում:

Համայնքապետը նկատում է՝ ծննդատունը մեկ-երկու տարվա պատմություն չունի, այն տասնամյակների կենսագրություն ունի, ինքն էլ 42 տարի առաջ հենց Աչաջուրի ծննդատանն է ծնվել: Իրենից ավագներ էլ կան, որոնց ճիչն առաջին անգամ այնտեղ է լսվել:

Եվ, որ ամենակարևորն է, գյուղն այն հատուկենտ գյուղերից է, որ արտագաղթ չունի, բնակչությունն ավելանում է: Նոր ընտանիքներ են անընդհատ ձևավորվում, տներ սարքում: Հարուստ գյուղ է:

Ի դեպ, Աչաջուրն այն բացառիկ սահմանամերձներից է, որ հասարակական տրանսպորտի խնդիր չունի. ավտոբուսներ չկան, սակայն երթուղային տաքսիներն Աչաջուր-Իջևան ճանապարհն անցնում են առավոտից երեկո, տաքսիներ ևս կան:

«Գրանցված հղիներ շատ կան այստեղ, կոնսուլտացիաների համար պարտադիր գալիս են: Օրինակ՝ մոտ 200 գրանցվածից 100-ը, 120-ը հաստատ այստեղ են ծննդաբերում: Թիվը միայն անցած տարի մի փոքր պակասեց, քանի որ նորից փակման մասին խոսակցություններ կային, ու հղիներից ոմանք մտածելով, որ կարող է կեսից փակվել՝ ուրիշ ծննդատուն տեղափոխվեցին: Սահմանից ընդամենը 5 կիլոմետր ենք հեռու, սա բազմաթիվ ծննդկանների սպասարկող միակ ծննդատունն է տարածքում», – ընդգծեց նա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ չեն փակվի այն ծննդատները, որոնք օրական գոնե մեկ ծնունդ ունենում են, կամ, առնվազն՝ երկու օրը մեկ: Չոր հաշվարկով՝ տարեկան ամենաքիչը 150 երեխա պետք է ծնվի:

Սակայն այս վիճակագրությունը տարածել բոլոր համայնքների վրա՝ անհասկանալի է. կան ոչ մեծ համայնքներ, որոնք բնականոն աճ են ապահովում, սակայն նման թիվ ապահովել ֆիզիկապես ի վիճակի չեն:

Աչաջուրցիների պահանջ-խնդրանքը կառավարությունից մեկն է՝ վերազինել իրենց ծննդատունը, վիրահատարանի հարցում աջակցել և անեսթեզիոլոգ տրամադրել: Կամ, եթե նույնիսկ ֆինանսապես չեն աջակցում, գոնե 1 տարի ժամանակ տրամադրեն՝ իրենք բարերարների օգնությամբ այդ ամենը կանեն:

Սանիտարահիգիենիկ վիճակի հետ կապված բացթողումներ չունեն: Տաք ու սառը ջուրը շուրջօրյա է, համայնքապետարանն էլ 2019 թվականին շուրջ երկու միլիոնի ներդրում է արել ծննդատան վերանորոգման համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում