Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ՝ Ռ.Էրդողանը և Դ. Թրամփը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Լիբիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ria.ru-ն, հղում անելով թուրքական պաշտոնական աղբյուրներին:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Լիբիայում տիրող իրավիճակին և տարածաշրջանային իրադարձություններին»,- ասում է հաղորդագրության մեջ:

Երկուշաբթի Մոսկվայում տեղի են ունեցել միջկառավարական բանակցություններ՝ ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ: Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարը լքել է Մոսկվան՝ առանց հրադադարի մասին համաձայնագիր կնքելու Ֆայեզ Սարաջի կառավարության հետ:

2011-ին Լիբիայի առաջնորդ Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան գործնականում դադարել է գործել որպես մեկ պետություն: Այժմ երկրում տիրում է երկակի իշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը նստում է արևելքում, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ ձևավորված Ազգային համաձայնության կառավարությունն է կանոնակարգում: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում են Լիբիայի Հաֆթարի ազգային բանակի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում