Պուտինը որոշել է կատարելագործել Ռուսաստանը սահմանադրական փոփոխություններով և Միխայիլ Միշուստինի միջոցով. «Կոմերսանտ»-ի անդրադարձը

Պուտինը որոշել է կատարելագործել Ռուսաստանը սահմանադրական փոփոխություններով և Միխայիլ Միշուստինի միջոցով. «Կոմերսանտ»-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդին ուղղված ելույթը, որում որպես գլխավոր նորություն սպասվում էին ժողովրդագրական աջակցությանն ուղղված քայլերը, ավարտվեց ՌԴ իշխանության համակարգի բարեփոխման մասին հայտարարությամբ` «սուպերնախագահական» համակարգից հրաժարմամբ և նախագահա-խորհրդարանական հանրապետության ստեղծմամբ` Պետական խորհրդի նոր լիազորություններով: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

Հետագա իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, կախված կլինեն Վլադիմիր Պուտինի անսպասելի գաղափարների նկատմամբ ներկայիս քաղաքական համակարգի արձագանքից: Հիմք չկա կարծելու, որ Վլադիմիր Պուտինն իր այս գաղափարներն ավելի վաղ քննարկել էր այլ խաղացողների հետ, ինչպես և հիմք չկա կարծելու, որ դրանից հետո տեղի ունեցածը ծրագրված էր. Դմիտրի Մեդվեդևի ղեկավարած կառավարությունն արդեն մեկ ժամ անց դադարեց գոյություն ունենալ: Հաջորդ քայլը նախագահն արեց արդեն նույն օրը: Հունվարի 16-ին ՌԴ պետական դուման պետք է հաստատի նոր կառավարության ղեկավարի` Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, որի հետ է ասոցացվում վերջին տարիներին իշխանության զգալի մասի «թվայնացումը»:

Պրագմատիզմի սահմաններում Վլադիմիր Պուտինի առաջարկը սահմանադրական բարեփոխումների մասին կարելի է մեկնաբանել այսպես. վարչապետի, փոխվարչապետերի և ՌԴ ոչ ուժային կառույցների նախարարների թեկնածությունն այսուհետև ներկայացնելու և հաստատելու է Պետդուման` խորհրդարանի ստորին պալատը: Ուժային նախարարներին նախագահը նշանակելու է Դաշնային խորհրդի (խորհրդարանի վերին պալատի) հետ խորհրդակցությունների արդյունքում: Սա նշանակում է, որ ՌԴ իշխանության «քաղաքացիական» մասը դառնում է խորհրդարանական, «ռազմական» մասը` «կիսանախագահական»: Սա իշխանության մեջ խոշորագույն փոփոխությունն է` սկսած 1993 թվականից:

Վլադիմիր Պուտինի խոսքով` նոր կառավարությունը կաշխատի արդեն մի փոքր այլ երկրում, քան մինչ այս: Նախագահը հայտարարել էր, որ «Ռուսաստանի առաջ պատմական հանձնարարականներ են դրված», և փոփոխությունների նպատակը նաև դրանց հասնելն է: Սակայն այս փոփոխություններով գործադիր իշխանության ղեկին կզբաղվի արդեն ոչ թե Դմիտրի Մեդվեդևը, այլ Միխայիլ Միշուստինը: Համենայն դեպս Պետդումայում նախագահի նշած թեկնածության դեմ արտահայտվողներ դեռևս չեն եղել: Միխայիլ Միշուստինին վարչապետի պաշտոնում առաջադրելը բացահայտ փորձ է նախագահի կողմից ավելի մասշտաբային դարձնել Դաշնային հարկային ծառայության շատ հաջող «թվային տրանսֆորմացիան», ինչի արդյունքում ռուսական հարկային ծառայությունը համարվում է աշխարհում ամենաառաջադեմներից մեկը: Չնայած դեռևս պարզ չէ գործադիրի հետ կապված Միշուստինի ոչ մի նախաձեռնություն, սակայն կարելի է ենթադրել, որ կառավարությունում կամրապնդվեն Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների դիրքերը:

Մի խոսքով` Միշուստինի նշանակումից կարելի է եզրակացնել, որ դժվար թե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կար, կամ եղած իրավիճակին մոտ լինի:

Հավանաբար, Վլադիմիր Պուտինի գաղափարի հիմքն այն է, որ միայն այսպիսի փոփոխություններն ու նշանակումը թույլ կտան մինչև 2024 թվականը հասնել իր նշած համախառն ներքին արդյունքի տարեկան 5% աճին:

Պետք է եզրակացնել նաև, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կանցկացվի եկող ամիսների ընթացքում: Պետդումայի նոր ընտրությունները պակաս հավանական են: Իսկ Վլադիմիր Պուտինի` իշխանության մեջ իր դերի մասին նախագահի պատկերացումներն արտացոլված չեն հունվարի 15-ի իրադարձություններում:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար, «չնայած որ ամեն ինչ չէ, որ ստացվել է»:

«Վլադիմիր Վլադիմիրովիչն ընդգծել է Սահմանադրությունում մի շարք հիմնարար փոփոխությունների մասին, զգալի փոփոխություններ ոչ միայն Սահմանադրության մի շարք հոդվածների, այլև իշխանության հավասարակշռության: Օրենսդիր իշխանության, գործադիր իշխանության, դատական իշխանության… Այս համատեքստում պարզ է դառնում, որ մենք որպես կառավարություն պետք է հնարավորություն տանք մեր երկրի նախագահին այդ ուղղությամբ ընդունել բոլոր անհրաժեշտ որոշումները: Եվ այս պայմաններում ես ճիշտ եմ համարում, որ Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն` կառավարությունը ներկայիս կազմով հրաժարական ներկայացնի»,-ասել է Մեդվեդևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում