«Ամբողջ գիշեր չեմ քնել». Միշուստինը Պետդումայում հանդիպումներ է անցկացնում

«Ամբողջ գիշեր չեմ քնել». Միշուստինը Պետդումայում հանդիպումներ է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: ՌԴ Պետդումայում տեղի է ունեցել «Եդինայա Ռոսիա» խմբակցության հանդիպումը ՌԴ վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինի հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Այսօր Պետդուման կդիտարկի Միշուստինի թեկնածությունը ՌԴ վարչապետի պաշտոնում: Խմբակցության հետ հանդիպումը տեղի է ունեցել ԶԼՄ-ների համար փակ ռեժիմով: Հանդիպմանը ներկա է եղել նաև Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

Հանդիպման ժամանակ Միշուստինն ասել է պատգամավորներին, որ ամբողջ գիշեր չի կարողացել քնել:

Այս հանդիպումից հետո Միշուստինը հանդիպումներ կունենա նաև Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության և «Արդար Ռուսաստան» կուսակցության խմբակցությունների հետ:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում