Այսօր ամենամեծ ճնշման տակ հեռուստաընկերություններն են․ Գեղամ Մանուկյան

Այսօր ամենամեծ ճնշման տակ հեռուստաընկերություններն են․ Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Օրենքը պետք է համալիր փոփոխությունների ենթարկվի»,- աուդիովիզուալ մեդիածառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխությունների թեմայով ԱԺ լսումների ընթացքում նշեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով, շատ կարևոր է բազմակողմանի, օբյեկտիվ լրատվությունը, հանրությանը համապարփակ, բազմակողմանի, բազմաշերտ լրատվության տրամադրումը։

«Ընտրական օրենսգրքի պարտադրանքն է, որ ընտրությունների շրջանակներում պետք է հավասարաչափ, բազմակողմանի լուսաբանել կուսակցություններին։ Այդ ընթացքում հեռուստատեսությունների լրատվականները կանգնում են խայտառակ վիճակի առաջ»,– նշեց Մանուկյանը։

Վերջինիս խոսքով, սակայն կան քաղաքական ուժեր, որ որոշել են՝ այսինչ հեռուստատեսությամբ չներկայանալ, այդ դեպքում կարո՞ղ է արդյոք հեռուստատեսությունը ապահովել բազմակողմանիություն և օբյեկտիվություն։

«Այսօր ամենամեծ ճնշման տակ գործող լրատվամիջոցները Հայաստանում, հեռուստաընկերություններն են։ Որովհետև մենք սահմանափակված ենք տարբեր օրենքներով։ Մեզ օրենքով ասում են՝ սա կարող եք, սա չեք կարող, և այդ սահմանափակումներով, կաշկանդումներով, որոնք իհարկե անհրաժեշտ են, մենք կանք կաբելային հեռուստաընկերություններում։ Այնտեղ կան նաև ինտերնետ TV-ներ, որոնք հեռուստատեսության մասին օրենքին չեն ենթարկվում, բայց մեզ հետ նույն հարթակում են»,– նշեց Մանուկյանը։

Առցանց հեռուստաընկերությունները, որոնք կաբելային հարթակում հեռարձակվում են, Մանուկյանի խոսքով չունեն որևէ սահմանափակում. «Դա նյութական անհավասար վիճակի մեջ է դնում հեռուստաընկերություններին և հեռուստատեսությամբ հեռարձակվող առցանց մեդիային»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում