Հայկ Մարությանը՝ Երևանի տրանսպորտի մասին

Հայկ Մարությանը՝ Երևանի տրանսպորտի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Նմանատիպ հանդիպումները կարևոր են սինխրոնիզացնելու համար ՏԻՄ-ի և կառավարության աշխատանքները: Վարչապետ Նիկոլ Փաշինյաի և Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հարցին, թե որոնք են Երևանի մասով վարչապետի հիմնական մտահոգությունները, քաղաքապետն ասաց, որ այդ հարցով ճիշտ կլինի դիմել հենց պարոն վարչապետին. «Այս պահին մենք քննարկել ենք ոչ թե խնդիրները, այլ արձանագրել ենք, թե ինչ խնդիրներ կան: Արձանագրել ենք, որ հրատապ լուծում պահանջող խնդիրները քաղաքապետարանը լուծել է, կան ոչ պակաս հրատապ խնդիրներ, որոնք այս պահին լուծման ընթացքում են: Նաև արձանագրեցինք, որ կառավարության հետ միասին պետք է լուծենք որոշ խնդիներ, քանի որ քաղաքապետարանն ի զորու չէ միայնակ լուծել»:

Մարությանը խոսեց նաև սրճարանների ապամոնտաժման մասին՝ հայտարարելով, որ ամբողջ քաղաքում պրոցեսը շարունակվում է. «Եթե հետևեք մեր ֆեյսբուքյան էջին, նաև կայքին, կտեսնեք, որ քաղաքում գույքագրվում են կրպակները, որոնք թղթեր չունեն ու քիչ-քիչ հանվում են: Սրճարանները նույնպես, եթե այգիների հատվածներ են զավթվել, վերադարձվում են այգու տարածք: Պրոցեսը լինելու է երկար, քանի որ քանակությունը շատ մեծ է»:

Ինչ վերաբերում է տրանսպորտի հարցին, քաղաքապետն ասաց, որ այս տարի 100 ավտոբուս պետք է ձեռք բերվի. «Կաշխպատենք մինչև տարվա վերջ ավելի շատ ձեռք բերել: Մյուս տարի չենք հասցնի մեր պատկերացրած ամբողջ ցանցը գործարկել, բայց մասամբ սկսելու ենք աշխատեցնել»:

Հիշեցնենք, որ Մարությանը խոստացել էր քաղաքապետ ընտրվելուց հետո երկու տարվա մեջ լուծել տրանսպորտի հարցը, իսկ այդ երկու տարին լրանում է այս տարի հոկտեմբերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում