Գյուղատնտես. Ձյունը լավ էր, բայց քիչ էր

Գյուղատնտես. Ձյունը լավ էր, բայց քիչ էր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հայաստանում տեղացած ձյունն էական ազդեցություն չի ունենա գյուղատնտսության համար, քանի որ ձնածածկույթը քիչ է։

«Քանակությունը շատ քիչ է, կարծում եմ, այն առանձնապես եղանակ ստեղծել չի կարող»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

Նրա խոսքով, եթե մարզերում ձյան շերտը հաստ լինի ու աշնանացան ցորենի դաշտերը տևական ժամանակ ծածկված մնան ձյունով, ապա արդյունքները դրական կլինեն։

«Եթե ձյան շերտը լինի 10-15 սմ, ապա բավականին լուրջ ազդեցություն կլինի։ Ամեն դեպքում ձյունն անհրաժեշտ էր»,-ասաց մասնագետը։

Ինչ վերաբերում է ջրամբարներին, ապա այս հարցում էլ, տեղացած ձյունը որոշիչ ազդեցություն ունենալ չի կարող։

«Բայց դեռ ժամանակ ունենք, սպասենք տեսնենք առաջիկայում ինչպիսին կլինի եղանակը, նոր ըստ դրա կարելի է կանխատեսումներ անել»,- նշեց Պետրոսյանը։

ԱԻՆ կանխատեսումների համաձայն, հունվարի 19-ի ցերեկը ձյուն է սպասվում բոլոր մարզերում, բացի Արարատից ու Արմավիրից, հունվարի 20-ի գիշերը ձյուն կլինի հանրապետության ողջ տարածքում։

Երևանում ձյունը կսկսի տեղալ հունվարի 19-ի երեկոյից, կշարունակվի նաև գիշերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում