«168 ժամ». Թոշակառուն հիմա հավանաբար «լավ կապրի»

«168 ժամ». Թոշակառուն հիմա հավանաբար «լավ կապրի»

«Հունվարի 1-ից կենսաթոշակները Հայաստանում բարձրացան մինչև 10 տոկոսով, և հիմա արդեն թոշակառուները մի քանի հազար դրամով ավելի շատ գումար են ստանում, քան նախկինում։ Այլ բան, թե դա որքանո՞վ է լուծելու այն սոցիալական խնդիրները, որոնք ունեն թոշակառուները։ Եթե հաշվի առնենք, որ վերջին անգամ թոշակները Հայաստանում բարձրացել են 2015 թ., ապա պարզ կդառնա, թե ինչ է տալու նրանց այդ մի քանի հազար դրամը։

Նախորդ բարձրացումից անցել է 4 տարի, և այդ ընթացքում կյանքը հասցրել է բավականաչափ թանկանալ։ Մի քանի հազար դրամ ավելացումը չի ծածկելու անգամ այն գնաճը, որն արձանագրվել է վերջին 4 տարվա ընթացքում։ Ու դեռ չհաշված, թե այդ ընթացքում որքան են թանկացել առաջին անհրաժեշտության ապրանքները և շարունակելու են թանկանալ նաև այս տարի։

Կենսաթոշակների ավելացումը, անշուշտ, դրական քայլ է, բայց դա մեծ խնդիր չի լուծում։ Դրանից հետո էլ հասարակության այդ ամենաանապահով հատվածը շարունակելու է նույնքան վատ ապրել, որքան 1 տարի, 2 տարի, 3 տարի առաջ։ Կենսաթոշակի 3-4 հազար դրամ ավելացումը շատ բան չի փոխում թոշակառուի կյանքում։ Հատկապես՝ 4 տարվա ընդմիջումից հետո։

Կառավարությունը հպարտանում է, որ 4 տարվա դադարից հետո իրեն հաջողվել է, թեկուզ ոչ մեծ չափով, այնուհանդերձ բարձրացնել կենսաթոշակները։ Բայց մոռանում է, որ կենսաթոշակների բարձրացում ավելի վաղ էր նախատեսվում։ Դա պիտի արվեր դեռ անցած տարի, եթե ոչ՝ ավելի շուտ։ Իշխանափոխությունից հետո, երբ բազմաթիվ անորոշություններ կային՝ պետական բյուջեի եկամուտների ապահովման հետ կապված, կառավարությունը ռիսկ չարեց մտնել նման ծանրության տակ։ Ուստի ստիպված ևս մեկ տարով հետաձգեց կենսաթոշակների բարձրացումը։ Ու միայն այս տարվանից համարձակվեց գնալ դրան` ընդամենը մի քանի հազար դրամով ավելացնելով կենսաթոշակները։ Մի դեպքում դա կլինի 2 հազար, մեկ այլ դեպքում` 3 հազար, մյուս դեպքում` գուցե նաև 4 հազար դրամի չափով։

Դա, անշուշտ, դժվար է մեծ ձեռքբերում համարել, որքան էլ կառավարությունը փորձի ցույց տալ, որ անհավանական քայլ է կատարել` բարձրացրել է թոշակները։ Անկախ նրանից` Հայաստանում իշխանափոխություն կլինե՞ր, թե՞ ոչ, թոշակները բարձրանալու էին, նույնիսկ ավելի շուտ ու գուցե և ավելի շատ, քան այս տարվա հունվարի 1-ից։

Այն, ինչ արել է կառավարությունը, մեծ ձեռքբերում չէ։ Առավել ևս, դա այն չէ, ինչ ակնկալում էր թոշակառուն իշխանափոխությունից։ Մարդիկ հույս ունեին, որ իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե մի քանի հազար դրամով, այլ կտրուկ բարձրացնելու է կենսաթոշակները, լուծելու է իրենց սոցիալական խնդիրները։ Բայց դա տեղի չունեցավ։

Հիմա թոշակառուն արտաքուստ մի քանի հազար դրամով ավելի շատ գումար կստանա, բայց դրանից նրա ապրելու պայմանները չեն բարելավվի, որովհետև ստիպված է լինելու ավելի շատ վճարել հացամթերքի համար, մսամթերքի համար, կաթնամթերքի համար, դեղորայքի համար և բազմաթիվ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների համար։ Թոշակների ավելացումն ինչ-որ չափով գուցե մեղմելու է այն ազդեցությունները, որոնք գալիս են տարբեր ոլորտներից, բայց դա սոցիալական խնդիր չի լուծում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում