Կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու մտադրություն չկա․ Ռուստամ Բադասյան

Կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու մտադրություն չկա․ Ռուստամ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: «Եթե սահմանադրությամբ չլուծվի ճգնաժամը, ապա ուրիշ ինչպե՞ս պետք է լուծվի։ Ականջալուր լինելով հասարակության պահանջներին՝ հասկացել ենք, որ սահմանադրական բարեփոխումները հասունացել են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Դատական համակարգի փոփոխությունների հարցին անդրադառնալու ընդհանուր ուղղությունը սահմանված է, թե ինչպես կանդրադառնանք, հիմա ճիշտ չեմ համարում՝ հանձնաժողովը դեռ չձևավորված քայլերը ներկայացնել»,– նշեց նա։

Բադասյանը շեշտեց, որ դատական համակարգում փոփոխություններն այնպես պետք է ձևավորեն, որպեսզի դատական համակարգի վերաբերյալ վստահությունն ավելանա․ «Եթե կարողանանք այնպիսի մոդել ընտրել, որորով վստահությունը բարձրացվի, ակնհայտ է, որ կնպաստի։ Մենք այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք անպայման ենթադրելու են հանրաքվե»։

Անդրադառնալով ՍԴ անդամների վաղ կենսաթոշակային համակարգի օրենսդրական փոփոխությունների թեմային և դրան հետապնդող բարեփոխումների հարցին, Բադասյանը պատասխանեց, որ վաղ կենսաթոշակային համակարգին անցնելու համար դեռ ժամանակ կա, որի համար սպասում են։ «Կսպասենք, կտեսնենք՝ վաղ կենսաթոշակը կաշխատի՝ կաշխատի, չի աշխատի՝ չի աշխատի։ Սա ճգնաժամը հաղթահարելու արագ քայլ է»։

Անդրադառնալով նախկին իշխանությունների կողմից հնչող այն տեսակետին, որ 5 տարին մեկ չպետք է Սահմանադրություն փոխել՝ Բադասյանը դիտարկեց, որ Սահմանադրությունը նախկինում փոփոխվում էր տասը տարին մեկ, սակայն վերջին փոփոխությունը կարելի է Հայաստանի պատմության մեջ խայտառակություն անվանել։

«Այս փոփոխությունը հասունացել է հասարակական պահանջի և լայն հանրային քննարկման արդյունքում և մենք չենք պատրաստվում ուղղակի իրավիճակային լուծումների համար Սահմանադրություն փոփոխել», – ասաց նախարարը։

Հարցին, թե արդյոք կա մտադրություն, որ կառավարման համակարգը խորհրդարանականից կիսանախագահականի կանցնի, Բադասյանը պատասխանեց՝ մտադրություններ չկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում