Արմեն Թավադյանը կմնա կալանավորված

Արմեն Թավադյանը կմնա կալանավորված

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների բողոքը՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու դեմ, մերժվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

«Մեր վերաքննիչ բողոքը մերժվել է, պարոն Թավադյանը կմնա կալանքի տակ, մինչև տեսնենք, թե որն է առաջիկա գործողությունը: Դատարանն այս փուլում հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպանը նշեց, որ կանխատեսելի էր դատարանի որոշումը, այդ պատճառով էլ Թավադյանը չի ներկայացվել դատարան: Նա նաև հայտնեց, որ վճռաբեկ բողոք են ներկայացնելու:

Երեկ լրատվամիջոցների հետ զրույցում Հովհաննես Խուդոյանն ասել էր, որ խտրական վերաբերմունք կա «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ. ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ կալանավորված պետք է մնա այնքան ժամանակ, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում