Եթե մեր խնդիրը չլուծվեց, երեխաներին դպրոցից կհանենք ու դուրս կգանք պայքարի. անասնապահներ (տեսանյութ)

Եթե մեր խնդիրը չլուծվեց, երեխաներին դպրոցից կհանենք ու դուրս կգանք պայքարի. անասնապահներ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Արարատի մարզի Մխչյան համայնքի անասնապահները, որոնք դեմ են սպանդանոցներին, դրանց կողմից առաջարկվող պայմաններին և այսօր բողոքի ակցիա էին իրականացնում, խոստանում են պայքարել այս իշխանությունների դեմ այնպես, ինչպես նախկինում պայքարել են այս իշխանությունների համար։

«Հիմա, եթե ես անասուն ունեմ ու չգիտեմ առո՞ղջ է, թե չէ, տանեմ սպանդանոց, ասեն առողջ չէ, պետք է տանենք գազանանոց կամ այրենք, ո՞վ է գումարը հատուցելու»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Մխչյան համայնքի անասնապահներից մեկը:

Անասնապահները նշեցին, որ այսօր Կառավարությունը մատնացույց է անում Եվրոպան, բայց այնտեղ բոլորը փոխհատուցվում են կրած վնասների համար։

«Անասունը գնաց գազանանոց այնքան փող է ստանում, որ իր աչքին չի երևում, բայց այսօր մեզ մոտ ի՞նչ են անում. մեկ հատ անասուն ունես նպաստից կտրում է, չի նայում հաշմանդամ ես, թե թոշակառու: Այսօր ինչի՞ պետք է 65, 70 տարեկանը անասուն պահի, տանի սպանդանոցին, պետությանը նվեր տա: Բա պետությունը մեզ ի՞նչ տա: Այսօր այնպես են ուզում դարձնեն, որ սպանդանոցի տերերն իրենց ֆերմաներն ու մսի խանութներն ունենան, մենք էլ գնանք իրենց մոտ բանվորություն անենք, 50 հազար դրամ գումար տան մեզ»,- ասաց նրանցից մեկը:

Անասնապահները պնդում են, թե մեկ անասունի համար իրենք ծախսում են 350,000-400,000 դրամ, իսկ վաճառում են մենք ծախում ենք 450,000-460,000: «Եթե անասունը լինի 150-160 կիլո, պետք է 3 տարի պահենք, 50 հազար դրամի համար 10 հատ պահում ենք, լինում է կես մլն դրամ, ուզում են այդ կես մլն դրա՞մն էլ առնեն ձեռքներիցս: Էդ էլ ուզում են տանք, լավ ամեն ինչ տանք իրենց, թողնենք, գնանք: Հինգ օր է՝ չեն թողնում մորթենք, որ այդ 5 օրվա ընթացքում վերցնենք այդ գումարը, մեր երեխեքին հաց առնենք, բանվորին փող տանք, հարկերը փակենք, կեր առնենք, էլ տակն ի՞նչ կմնա մեզ: Բուլյոնն է մնում, դա էլ չեն ուզում մնա, էդ էլ նրանց թողնենք ու գնանք այստեղից»,- դժգոհեց նա:

Անասնապահներից մեկը Կառավարությանը հորդորեց այնպես լուծել խնդիրը, որ իրենց ձեռնտու լինի, ոչ թե Կառավարությանը: «Չենք ուզում էդ սպանդանոցները, Կառավարությունն ի՞նչ պետք է որոշի, գյուղացին այսօր գլուխը մտցրել է հողի մեջ, ապրում է, Կառավարությունն էլ այնտեղ նստած գրիչով իրենց միլիոններ է պարգևատրում: Թողեք մեր 30,000 դրամներով ապրենք, ի՞նչ եք ուզում: Էշի նման Կառավարություն ենք փոխել, այսօր մեզ արհամարհում են, ի՞նչ Կառավարություն: Երեկ Կառավարության մոտ էինք, ոչ ոք մեզ մարդու տեղ չդրեց, բայց թող մեր Կառավարությունը լավ լսի՝ գյուղացին մեղվի փեթակի պես է, եթե մատը մտցնեն փեթակը, մեղուն հերն անիծում է: Թող գյուղացուն ոտքի չհանեն: Հայաստանում ինչքան մարզ կա, ինչքան գյուղ կա, մի մարդու նման կանգնած է, դեմ է այս օրենքին»,- ասաց նրանցից մեկը:

Անասնապահները կիսում են ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքը, որ սպանդանոցներն օլիգարխների ձեռքում են կենտրոնանալու: «Էդպես էլ կա, այս մարզում ո՞վ 50 մլն փող ունի, որ սպանդանոց սարքի: Եթե օրենքով է ուզում, ինչո՞ւ է սպանդանոցը սեփականատեր ունենում: Թող պետությունը ստեղծի, մի քանի գյուղերում, ասի՝ գնացեք, մաքուր մորթ արեք, առանց որևէ գումար տալու, եթե պետությունը լավ պետություն է, լավ Կառավարություն է»,- նշեց նա:

Գյուղացիները տեղեկացրին, որ իրենց խոստացել են՝ այսօր ժամը 18։00-ին իրենց պատգամավորների գլխավորությամբ Կառավարության անդամների հետ պետք է հանդիպեն Արարատի մարզպետարանում: «Հիմա, եթե ժամը 6-ին մեր հարցին պատասխան չտվեցին, էլի խաբեցին, վաղվանից մենք ենք արհամարհելու իրենց: Անասուններին կքշենք, կհանենք ճանապարհ, թող գան տեսնեն»,- ասացին նրանք:

Դիմելով վարչապետին՝ գյուղացիներից մեկն էլ ասաց. «Խնդրում ենք ուղղակի մի հատ հանձնաժողով ստեղծի, որի անդամները լինեն նվիրված մարդիկ, որ չխաբեն իրեն, ցանկացած գյուղ ու մարզ գնան, տեսնենք որևէ մարդ, գյուղացի համաձա՞յն է սրան: Թող բերեն ապացուցեն, որ տեղական մսից, մեր պահած մսից երբևէ թունավորում է եղել, ինչո՞ւ են խաբում ժողովրդին: Կա՛մ թող սպանդանոց չլինի, կա՛մ գան մեր վարկերը մեր վրայից հանեն, թողնենք գնանք այս երկրից»։

«Եթե ժամը 6-ին մեզ խաբեցին ու մեր հարցին լուծում չեղավ, կտեսնեք՝ ինչ կկատարվի: Ոնց դպրոցից երեխեքին հանում բերում էինք, պայքարում էինք այս Կառավարության համար, այդ նույն կերպ էլ կհանենք, այս հարցի համար կպայքարենք, մեր մի կտոր հացի համար: Պարո՛ն վարչապետ, գնում ես այլ երկրներ թավշյա հեղափոխություն ես խոսում, քեզ լավ զգում, էսօր ի՞նչ ես ասում, հույսեր ունենք քեզ հետ, ինչի՞ ես ժողովրդի հետ այդպես վարվում, մենք քեզնից բան չենք պահանջում, թողե՛ք ապրենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում