Խորհրդարանն ընդունեց բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագիծը

Խորհրդարանն ընդունեց բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: ՀՀ Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Օրենքի նախագիծն ընդունվեց 73 կողմ և 37 դեմ ձայներով:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն ավելի վաղ նշել էր, որ որոշման նախագիծը մշակվել է՝ ելնելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից։ Ըստ նար՝ հաշվի է առնվել միջազգային, մասնավորապես, սկանդինավյան երկրների փորձը:

Նշենք, որ քրեական դատավարության օրենսդրության հիման վրա ներկայում հնարավոր է ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները։

Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը կվերացվի, և առանձին դեպքերում կստեղծվի հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման: Միաժամանակ, նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ և սահմանափակումներ, մասնավորապես, հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով միայն կարող են իրականացվել որոշակի իրավապահ գործողություններ:

Միաժամանակ չեն ստեղծվի անհամաչափ կամ անհաղթահարելի սահմանափակումներ հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտմանն ուղղված գործունեության ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում