Առողջապահության նախարարության 185 մլն պարգևավճարով կարող էիք գործարկել 5 ծննդատուն. Մարինե Խաչատրյան

Առողջապահության նախարարության 185 մլն պարգևավճարով կարող էիք գործարկել 5 ծննդատուն. Մարինե Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Եթե մինչ այս գիտեինք, թե առողջապահության նախարարության պարգևավճարները կազմել են 65 մլն դրամ, ապա իրական թիվը պարզվեց 185 մլն դրամ է: Այս մասին Առողջապահության նախարարությունում իրականացված պագևավճարների, նախարարության իրականացրած ծրագրերի արդյունավետության վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարեց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը:

«185 մլն դրամով կարող էիք գործարկել 5 ծննդատուն: Չենք մոռանում, որ բացի առողջապահության նախարարությունից այլ նախարարություններ էլ են միլիարդների հասնող պարգևավճարներ ստացել: Երբ գումարում ենք այս բոլոր պարգևավճարները, ապա կարող ենք փաստել, որ այդ փակվող ծննդատներն ամբողջությամբ կարող էին այդ գումարներով համալրվել և՛ տեխնիկայով, և՛ բժիշկ մասնագետներով: Այդ գումարից հնարավոր կլիներ ավելի լուրջ զարգացման ծրագրեր իրականացնել, մինչդեռ այդ գումարները մսխվում են»,– ասաց նա:

Խաչատրյանը համեմատական անցկացրեց Ուկրաինայի հետ, որտեղ նախագահը հրաման է արձակել, որ նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը նվազեցնեն և համահավասարեցվեն տվյալ ոլորտի մասնագետների աշխատավարձերին: Նա նշեց, որ բացի այդ պարգևավճարներից և փաստացի երեք անգամ բարձրացված աշխատավարձից, նախարարները օգտվում են այլ իրավունքներից ևս. «Օրինակ՝ ծառայողական մեքենաներից. մարդիկ իրենց անձնական մեքենայի վրա գումար չեն ծախսում, գործուղումների են գնում, առողջապահության նախարարության աշխատակիցներն օգտվում են պետական բյուջեից, պետական միջոցներից, բայց այսօր փակվում են ծննդատները: Բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում ստանալ բուժօգնություններ, օրինակ՝ երեխաները»,- ասաց նա:

Մարինե Խաչատրյանը նշեց, որ այսօրվա իշխանությունների գործողություններն իրեն զարմացնում են ոչ միայն այն տեսանկյունից, թե ինչ չմտածված ու անհասկանալի արձագանք են տալիս երկրում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, այլ օրինակ, թե նույն Նիկոլ Փաշինյանի ինչին են պետք մարդիկ, օրինակ առողջապահության նախարարությունում, որոնք գործ անելու փոխարեն պարզապես զբաղված են փիառով:

«Երբ վերլուծում ենք, հասկանում ենք, որ ղեկավար մարդիկ ծրագիր չունեն կառուցելու, նրանք միայն ցանկություն ունեն քանդելու և օգտագործում են այն մարդկանց էներգիան, ովքեր ի վիճակի են միայն քանդել»,- շեշտեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում