2019-ին Արցախ է այցելել շուրջ 42 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ

2019-ին Արցախ է այցելել շուրջ 42 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: 2019 թվականի հունվարից դեկտեմբեր Արցախի Հանրապետություն է այցելել 41 հազար 963 օտարերկրյա զբոսաշրջիկ ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը (28588) 13375-ով կամ 46.7% -ով: Տվյալներն ասուլիսում ներկայացրել է Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ, զբոսաշրջության ոլորտում ունեն լավ ցուցանիշներ:

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվն աճել է 29-ով, կազմելով 92 օբյեկտ՝ 1930 մահճակալ-տեղով։ Վերջին տասը տարիների ընթացքում ՀՏՕ-ների թիվը մեծացել է 5,3 անգամ՝ 17-ից հասնելով 92-ի: 2019 թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը Tourist bus ծառայությունից օգտվել է 2254 մարդ: Արցախի զբոսաշրջային գրավչությունները ներկայացվել են միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում:

Նա հայտնել է, որ պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանման և ուսումնասիրության ոլորտում շարունակվել են հուշարձանների պեղման-ուսումնասիրման, վկայագրման և պահպանական գոտիների կազմման աշխատանքները: Շարունակվել են պեղման-ուսումնասիրման աշխատանքները «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում, Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի տարածքում՝ Միրիկի ամրոցում: Մասնավոր հատվածի կամ բարեգործական հիմնադրամների աջակցությամբ և ֆինանսավորմամբ ավարտվել կամ վերականգնման փուլում են գտնվում հետևյալ հուշարձանները՝ Շուշիի «Գոհար Աղա» մզկիթ, Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի «Ծաղկավանք» եկեղեցի, Մարտակերտի շրջանի Երիցմանկանց վանք, Մարտունու շրջանի Ամարասի վանքի պարսպապատերի վերականգնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում