Որևէ ցույց չի լինելու. Նիկոլ Փաշինյանը՝ սպանդանոցների մասին

Որևէ ցույց չի լինելու. Նիկոլ Փաշինյանը՝ սպանդանոցների մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ես սպանդանոցների վերաբերյալ առաջարկ ներկայացրեցի և առնվազն մեր առաջարկին արձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսպիսով՝ առաջինը արձանագրում ենք, որ մինչև փետրվարի 6-ի նիստը նայում ենք սուբսիդավորվող վարկերի ծրագրերը, նայում ենք արտոնյալ կարգով սպանդանոցների ֆինանսավորումը և պլյուս դրան լիզինգային ծրագրերը, որոնց մեջ պետք է լինի շարժական սպանդանոցները: Կազմվում է նախընտրելի քարտեզ բաշխվածության և խտության, և մենք հասցեական ֆինանսավորում ենք և այնպես ենք անում, որ սպանդանոցները ունենան անհրաժեշտ բաշխվածությունը, որ համաչափ լինի», – ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ընդունում են առաջարկներ, թե ինչպես կարող են հարստացնել այս փաթեթը, որ առավել արդյունավետ լինի:

«Այս ամենի արդյունքում պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի մեկը ամենախիստ պայմաններում գործում են հանրային սննդի օբյեկտները և սուպերմարկետները, մյուս տեղերում թողում ենք իրավիճակը այնպիսին, ինչպիսին կա այս կարագավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի մեկից Հայաստանի Հանրապետությունը անցնելու է այս համակարգին և որևէ ցույց չի լինելու: Եթե այս պայմանը բողոքի գործողություններ իրականացնող հայրենակիցների համար ընդունելի է կամ համաձայն են, որ պայմանավորվենք սրա շուրջ, ապա փետրվարի վեցի նիստի օրակարգին մենք այս հարցին անդրադառնում ենք և վերջ, իսկ եթե պարզվի ընդունելի չէ, ուրեմն պետք է ասենք, որ էսօրվանից է գործելու: Եթե ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի», – ասաց Փաշինյանը:

Նա սննդի անվտանգության տեսչության ղեկավարին կոչ արեց տեղեկացնել մարդկանց, թե ինչպես են գործելու սպանդանոցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում