Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը

Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Չինաստանի իշխանությունները երկրում բռնկված 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակի ֆոնին հիվանդության էպիկենտրոն համարվող Ուհան քաղաքի բնակչությանն արգելել են լքել քաղաքը, գրում է theguardian.com-ը՝ մանրամասնելով, որ խոսքը 11 մլն մարդու մասին է:

Իշխանությունների կարգադրությամբ՝ արգելվել է Ուհանից հանրային տրանսպորտի դուրս գալը: Խոսքն ավտոբուսների, մետրոյի, նավերի, գնացքների և օդանավերի մասին է: Բնակիչները միայն քաղաքի ներսում տեղաշարժվելու հնարավորություն ունեն:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում բռնկված 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակով վարակված մարդկանց թիվը շարունակում է ավելանալ: Այժմ հաղորդվում է 571 մարդու վարակման մասին, որոնցից 95-ը գտնվում են ծանր վիճակում:

Նշվում է, որ հունվարի 22-ին արձանագրվել է հիվանդության նոր վարակման 131 դեպք: Բոլոր մահացածները, որոնց թիվը 17 է, 65 տարեկանից բարձր մարդիկ են: Վարակման դեպքեր են արձանագրվել Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանում: Բժիշկները հետևում են ևս 4928 մարդու, որոնք շփում են ունեցել հիվանդների հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին:

Հիվանդության մասին առաջին տեղեկությունները ստացվել են 2019-ի դեկտեմբերին: Նոր վիրուսն սկսել է տարածվել Չինաստանի Ուհան քաղաքում, որն այս պահին ժամանակավոր մեկուսացված է: Ավելի վաղ հաստատվել է, որ հիվանդությունը փոխանցվում է մարդուց մարդուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում