«Ժողովուրդ». 500 աշխատատեղ ստեղծում են, 700-ը՝ կրճատո՞ւմ

«Ժողովուրդ». 500 աշխատատեղ ստեղծում են, 700-ը՝ կրճատո՞ւմ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանի «Կանաչապատում» ՓԲԸ-ների ավելի քան 600 աշխատող մտահոգված է: Պատճառը Երևանի քաղաքապետարանի կողմից «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ստեղծումն է, որի պատճառով, հնարավոր է, իրենք գործազուրկ դառնան: Նշենք, որ Երևանի ավագանու որոշմամբ ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որի մասին քաղաքապետարանը մեծ շուքով հայտարարեց, թե շուրջ 500 աշխատակիցների կարիք ունի։ Իսկ մինչ այդ «Կանաչապատում» ՓԲԸ-ներում աշխատել է 600-ից ավելի մարդ: Ավելին, սեզոնին՝ հիմնականում գարնանը, այդ ՓԲԸ-ներում աշխատողների թիվը հասել է 700-ի:

Եվ մինչ քաղաքապետարանի ներկայացուցիչները ոգևորված հայտարարում են, թե նոր հիմնարկ են ստեղծում, 500 աշխատատեղ են բացում, այս ընթացքում Երևանի կանաչապատմամբ զբաղվող փակ բաժնետիրական ընկերությունների աշխատակիցները հայտնվել են անհարմար դրության մեջ: Բանն այն է՝ նրանք չգիտեն՝ ինչ ճակատագիր են ունենալու՝ աշխատելու են, թե ոչ նորաստեղծ ՀՈԱԿ-ում»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ որոշ հաստիքներ զբաղեցնող աշխատողներ կընկնեն կրճատման տակ: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Այդ ՓԲԸ-ների աշխատակիցները հիմնականում կտեղափոխվեն նորաստեղծ ՀՈԱԿ: Իրենց անպայման կտեղեկացնեն տեղափոխման մասին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում