Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծը

Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: ԱԺ այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը։ Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 116 կողմ քվով։

Հատկանշական է, որ առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտությունների համար։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագծով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

«Այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավելի, քան ուսման վարձը», – ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում