«Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է

«Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Panroama.am: Այսօր երգիչ-կատարող, պոետ և երգահան, դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է: Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ, Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա՝ Մոսկվայում:

«Աշխատել է պետք». այս կարգախոսով էր առաջ շարժվում Վիսոցկին՝ չմոռանալով, որ աշխատելուն զուգահեռ պետք է նաև սիրել. «Սիրում եմ, ուրեմն կամ»,- նշում էր նա։

Իր առաջին երգերը Վիսոցկին սկսել է գրել 60-ականների սկզբին: Այդ երգերը «բակային ռոմանտիկայի» ոճում էին և լուրջ չէին ընկալվում ոչ Վիսոցկու, ոչ էլ իր առաջին ունկնդիրների կողմից: Մի քանի տարի անց` 1965 թվականին, նա գրում է հայտնի «Подводная лодка» երգը, որի մասին Իգոր Կոխանովսկին հետագայում կգրի. «Подводная лодка»-ն արդեն լուրջ էր: Եվ կարծում եմ, որ այդ երգը հայտարարեց, որ նրա պատանեկան արվեստի ժամանակի վերջն է եկել»:

Սերը Վիսոցկուն տրվեց Մոսկվայում, միզազգային կինոփառատոնի ժամանակ հանդիպեց Մարիա Վլադիին:

Մարինա Վլադիին հրավիրեցին թատրոն, ուր բեմադրվում էր Եսենինի «Պուգաչովը»: Վիսոցկին կատարում էր Խլոպուշայի դերը: Բեմադրությունը մեծ տպավորություն թողեց Վլադիի վրա:

Ներկայացումից հետո նրանք հանդիպեցին ռեստորանում, մի սեղանի շուրջ: Վիսոցկին մոտեցավ այդ «ֆրանսիական հրաշքին» ու կամաց արտաբերեց. «Վերջապես ես հանդիպեցի Ձեզ…ուզում եմ գնալ այստեղից ու երգել միայն Ձեզ համար»: Որոշ ժամանակ անց Վոլոդյայի ընկերներից մեկի տանը նրանք կրկին հանդիպեցին: Մարինան խնդրեց բոլորին իրենց մենակ թողնել: Մի ամբողջ գիշեր նրանք խոսեցին իրենց սիրո մասին: Ամուսնացան 1970 թվականին:

Սիրելիի հետ համատեղ կյանքը կարճ տևեց. «Քո սառնությունը իմ հանդեպ վերագրում եմ հոգնածությանդ,-գրում է նրան Մարինա Վլադին,-որը ոչ հազվադեպ է ամուսնինների միջև, ովքեր ապրել են միասին ավելի քան 10 տարի:

Այն ,որ դա մորֆիի պատճառով է՝ ես այն ժամանակ չգիտեի, իսկ գլխավորը, թերևս, քո հուսահատությունն էր: Ես տեղեկանում եմ քո մշտական դավաճանությունների, անհավատարմության մասին, ես հիվանդ եմ խանդով: Ես միանգամից չհասկացա, որ դրանք կյանքից կառչելու հուսահատ փորձեր էին, փորձում էիր ապացուցել ինքդ քեզ, որ դու դեռ գոյություն ունես: Դու փորձում ես դրա մասին ինձ ասել, բայց ես դա չեմ լսում… վերջ… փակուղի…դու միայն կարող ես գոռալ կարևորի մասին ,իսկ ես նկատում եմ միայն այն, ինչ մակերեսային է… Դու լալիս ես քո սերը, իսկ ես տեսնում եմ միայն դավաճանությունները:

Մեռնելուց մի ամիս առաջ Վիսոցկին գրում է Վլադիին. «Իմ Սեր….գտիր ուժերիս համապատասխան ելք…Պարզապես ուզում եմ խնդրել քեզ՝ տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք: Ես սիրում եմ քեզ, ու չեմ կարող թույլ տալ, որ քեզ վատ լինի: Հավատա, հետո ամեն ինչ իր տեղը կընկնի, և մենք կլինենք երջանիկ»:

1980 թվականին հունիսի 23-ին զույգի վերջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ, իսկ հունիսի 25-ին Վիսոցկին մահացավ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում