Արցախում կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Արցախում կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Արցախում 2019թ. թողարկվող էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասցվել է տարեկան 480 մլն կՎտ.ժ-ի, 2018 թվականի համեմատ աճը կազմել է մոտ 25 տոկոս: Նման տվյալներ է հրապարակել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 27-ին հրավիրած ընդլայնված խորհրդակցության ժամանակ։

«Վերջին 5 տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում արձանագրվել է միջին տարեկան աճ 12,8 տոկոսի չափով, ներկայումս այն ապահովում է հարկային եկամուտներ պետբյուջե տարեկան շուրջ 2 միլիարդ դրամի չափով: Էներգետիկ անկախության ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքում ուրույն տեղ ունի նաև սոցիալական բաղադրիչը. ոլորտում ներգրավված է մոտ 500 աշխատող», – նշել է պետական նախարարը։

Նա նշել է, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացում կառավառությունը մշտապես առաջնորդվում է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությաններով:

Խորհրդակցության ընթացքում հնչած կարծիքների ու առաջարկությունների հիման վրա և հաշվի առնելով հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության շուրջ մասնագիտական հիմնավորումների հանրային պահանջը՝ պետական նախարարը հայտարարել է մասնագիտական հանձնաժողով ստեղծելու որոշման մասին:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, պետական նախարարն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունը լինելու է առավելագույնս թափանցիկ, և դրա կազմում կընդգրկվեն հասարակական հատվածի, մասնագիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունից:

Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը սեղմ ժամկետներում առաջարկություն ներկայացնել հանձնաժողովի կազմի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում