Քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու քաղաքական ռեպրեսիաների ձև է. Արսեն Բաբայանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին

Քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու քաղաքական ռեպրեսիաների ձև է. Արսեն Բաբայանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Տեղեկություններ ունենք, որ Նարեկ Մալյանը 6-րդ վարչությունում է գտնվում, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանն՝ ընդգծելով.

«Անհայտ պատճառներով դիմակավորված անձինք կոպիտ վարվելով մարդուն բերման են ենթարկում, կարելի է ասել՝ առևանգում են», – ասաց Բաբայանը:

Վերջինս նշեց, որ առհասարակ դիմակավոր անձինք ձեռնաշղթաներով մարդուն բերման են ենթարկում, երբ հանցագործություն է կատարվում այդ պահին կամ հանցագործությունից անմիջապես հետո, մինչդեռ Բաբայանի խոսքով, ըստ հրապարակված տեսանյութի, երևում է, որ հանցագործություն տեղի չի ունեցել.

«Քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու քաղաքական ռեպրեսիաների ձև է: Ցանկացած դեպքում, երբ քննադատում եք ձեզ կպառկեցնեն ասֆալտին, դիմակավոր անձինք ձեռնաշղթաներով բերման կենթարկեն 6-րդ վարչություն, ընդ որում, չեք էլ կարողանա իմանալ՝ ինչի համար», – ասաց Բաբայանը՝ նշելով, որ սա քաղաքական ընդդիմախոսությունը չհանդուրժելու մասին է փաստում:

Ավելի վաղ քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին բերման են ենթարկում դիմակավորված անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում