Նարեկ Մալյանին բերման են ենթարկել որպես վտանգավոր հանցագործի, սա խայտառակություն է. Միհրան Հակոբյան

Նարեկ Մալյանին բերման են ենթարկել որպես վտանգավոր հանցագործի, սա խայտառակություն է. Միհրան Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Հակոբյանի խոսքերով, բոլորը պետք է տեսնեն, թե ինչ է կատարվում այսօրվա Հայաստանում, որտեղ կարելի է մարդուն առանց հրավիրելու, խնդիրների հետ կապված տեղյակ պահելու, ուղղակի բերման ենթարկել՝ որպես ծայրաստիճան վտանգավոր հանցագործի՝ դա անելով ասֆալտին տալով ու ձեռնաշղթաներով. «Օրեր առաջ մենք տեսանք, որ զինված մարդը շենք է գրավում, պատանդառություն է անում, դրանից հետո նրան թանկարժեք մեքենայով տանում են ոստիկանության բաժանմունք: Սա ուղղակի խայտառակություն է, որի գնահատականը պետք է հանրությունն ու միջազգային կառույցները տան: Աշխարհում պետք է տեսնեն, թե ինչ դիմակ ու դեմք ունի Հայաստանում հաստատված ռեժիմը»:

Հակոբյանը բացարձակ տեղեկություն չունի, թե ինչու են բերման ենթարկել Նարեկ Մալյանին. «Հիմա մենք հավաքվել ենք այստեղ հասկանալու համար, թե ինչու են նրան բերման ենթարկել ու ինչու են բերման ենթարկել որպես ծայրաստիճան վտանգավոր մարդու»:

Միհրան Հակոբյանը միանշանակ քաղաքական ենթատեքստ է տեսնում տեղի ունեցածի մեջ. «Սա պետք է ֆիքսել, այդ գնահատականը պետք է տալ: Այսօր Հայաստանում հենց քաղաքական ենթատեքստերով են տեղի ունենում նման ձերբակալությունները, բերման ենթարկելը:

Հանցագործները, ովքեր մարդ են առևանգել, քրեական գործով են անցնում, այսօր ազատ են ման գալիս, իսկ մարդը, ում հետ կապված որևիցե խնդիր չի եղել, նման բռնի, խայտառակ կերպով բերման է ենթարկվում: Սա հենց Նարեկ Մալյանի անձի դեմ չէ, սա բոլոր այլախոսների դեմ է, ովքեր այսօր ընդդիմադիր խոսք են ասում, ովքեր խոսում են իրականության մասին, որտեղ մեզ գլորել է Հայաստանի ներկայիս ռեժիմը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում