Սա քաղաքական ռեպրեսիաների փուլի ահագնացում է. Լիկա Թումանյանը՝ 5 ընդդիմադիր գործչի բերման ենթարկելու մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: «Ադեկվադ» միաբանության 4 անդամին և ՎԵՏՕ նախաձեռնության հիմանդիր Նարեկ Մալյանին բերման ենթարկելը միաբանության անդամ Լիկա Թումանյանը ճնշումներ ու քաղաքական հետապնդում է որակում:
«Այն, որ սրանք ճնշումներ են և քաղաքական հետապնդում, որևէ մեկնաբնության կարիք չկա։ Սա քաղաքական ռեպրեսիաների փուլի ահագնացում է: Ներկայիս իշխանություններն ակնհայտորեն ցույց են տալիս, որ չեն կարող հանդուրժել քաղաքական ընդդիմախոսություն», – ասաց Թումանյանը լրագրողների հետ զրույցում:
Նա նշեց, որ ակնհայտ է՝ հերքվելու են այն տեղեկությունները, թե, իբր, բերման ենթարկվածները կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:
«Սրանք պատճառաբանություններ են, որոնց միջոցով փորձում են բռնի ուժով ցույց տալ սեփական գերիշխանությունը քաղաքական դաշտում», – ասաց Թումանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր բերման են ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը, միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը։
Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել դիմակավորված անձանց կողմից։ Ըստ ոստիկանության՝ վերջինս ու Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։
Մյուսներին բերման ենթարկելու հիմքի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չկա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում