Զգուշացնում են, որ միսն ու ձուն լավ եփենք, հետևենք հիգիենայի կանոններին. Չինաստանում բնակվող հայուհի

Զգուշացնում են, որ միսն ու ձուն լավ եփենք, հետևենք հիգիենայի կանոններին. Չինաստանում բնակվող հայուհի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 5974-ի, որոնցից 132-ը մահացել են: Սա Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի այսօրվա տարածած տվյալներն են: Շուրջ մեկ ամիս առաջ Չինաստանում սկսված կորոնավիրուսն արդեն աշխարհի տարբեր երկրներում է տարածվել: Նույնիսկ Հայաստանում վերջին օրերին որոշակի տագնապ է նկատվում:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է 3 տարի առաջ պայմանագրային աշխատանքով Չինաստան տեղափոխված Ալլա Գևորգյանի հետ, ով, ի դեպ, մոտ օրերս պատրաստվում է 1 ամսով Հայաստան վերադառնալ:

– Երեկ Չինաստանից տեսանյութ էր տարածվել, որ օրերով տանից դուրս չեն գալիս, դուրս գալուց էլ անպայման դիմակներով: Խանութները փակ էին ու դատարկ: Կարելի՞ է ասել, որ տագնապ կա:

– Տագնապ, որպես այդպիսին, չկա, այդ տագնապն ավելի շատ արհեստածին են ստեղծում: Մարդիկ շատ հանգիստ են, ուշադիր են, առանց դիմակ դուրս չեն գալիս: Կոնկրետ իմ քաղաքում (Շանհայում-հեղ.), անվտանգությունից ելնելով, փակ են բոլոր մարդաշատ վայրերը՝ կինոթատրոններ, թանգարաններ: Նաև ուսումնական հաստատություններն են մինչև մարտի 1-ը փակ: Բայց խանութները հատուկ այս պատճառով չեն փակ ու դատարկ. նախ, ոչ բոլորն են փակ (լուսանկարն այսօր է արված), և հետո՝ այս երկրում Նոր տարի է, մարդիկ հանգստի են մեկնել ու չեն աշխատում, բոլորը նախապես գնումներ են կատարել: Երևանում այդպես չէ՞ Ամանորից հետո: Բայց ամենաահավորը մարդկանց մեկնաբանությունները, քոմենթներն են. քրիստոնյա ազգ ենք, ինչպե՞ս կարելի է դիմացինին մահ ցանկանալ, հիվանդ մարդուն անեծքներ գրել: Այդքան թույն ու չարություն որտեղի՞ց: Սոցցանցերով ինչ ասես՝ առաջարկեցին է՛լ վերացնել, է՛լ վառել: Ախր այս երկրում ձեր հազարավոր հայրենակիցներ աշխատում ընտանիք են պահում, մի քիչ շնորհակալ եղեք: Նայում ես՝ մեկնաբանություն գրողը բժշկականն է ավարտել, ու նա՞ է մեր բժիշկը: Վախենալու է…

– Չինաստանում հայերը միմյանց հետ կապը պահպանո՞ւմ են, տեղյակ ե՞ք՝ կա՞ն հայեր, ովքեր կրում են այդ վիրուսը:

– Այստեղ բավականին մեծ քանակությամբ հայեր են աշխատում ու ապրում, գրեթե բոլորը կապի մեջ են միմյանց հետ: Ընդհանուր «չաթ» ունենք, շփվում ենք, ու որքանով ես եմ տեղյակ՝ հայերի մեջ վարակվածներ չկան: Ընդհանրապես, ամեն ինչ այնքան վախենալու չի, որքան նկարագրում են: Չեք պատկերացնի, ծնողներն այդտեղից «լեղաճաք» եղած զանգում են այստեղ բնակվող իրենց զավակներին՝ մտածելով, թե բոլորս այստեղ կիսամեռ պառկած ենք: Հանգիստ եղեք, չկա նման բան: Այստեղի կառավարությունը շատ կազմակերպված է, ամեն ինչ անում է, որ այդ հարցը շուտ լուծվի:

– Չինաստանում Հայաստանի դեսպանատունն այս ընթացքում կապ հաստատե՞լ է տեղի հայերի հետ:

– Այո՛, դեսպանատունը մայրաքաղաքում է, շատ ուշադիր են ու հետևողական: Բոլորիցս մեր տվյալներն են ուզել՝ քաղաք, անուն-ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, որպեսզի, եթե հանկարծ իրավիճակը բարդանա, կարողանան մեզ աջակցել, կապի մեջ լինենք:

– Ըստ ներսի խոսակցությունների՝ հիվանդությունն առավել ո՞ր քաղաքներում է տարածված: Հայտարարվում ու խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ վիրուսը տարածվել է կենդանիներից, օձերից, չինական կեղտոտ շուկայից… Ձեզ մոտ ի՞նչ վարկածներ են տարածված, ի՞նչն է եղել առաջացման հիմնական պատճառը, սկզբնաղբյուրը:

– Չինական լրատվամիջոցների հաղորդմամբ էպիկենտրոնը Հուբեյ նահանգի Ուհան քաղաքն է, որպես հիվանդության աղբյուր նշվում է տեղի ծովամթերքի շուկան, որտեղ վաճառվում են նաև տարբեր էկզոտիկ կենդանիներ: Շուկան կեղտոտ չէ, մսի, ծովամթերքի շուկա է եղել, քաղաքներն էլ այստեղ շատ մաքուր են, միշտ մաքրում են: Օձեր ու կարիճներ շատ այլ տեղերում են ուտում ու ոչինչ չի լինում…

– Առողջապահության նախարարությունը որևէ ցուցում տվե՞լ է՝ սնունդն ինչպե՞ս օգտագործել, ինչ ախտանշաններ ունի կորոնավիրուսն ու ի՞նչ դեղամիջոցներ պետք է օգտագործել, կանխարգելիչ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:

– Դեղամիջոցներից տեղյակ չեմ, բայց զգուշացնում են, որ միսն ու ձուն լավ եփենք, հետևենք հիգիենայի կանոններին՝ ձեռքերը մաքուր պահենք, նաև ալկոհոլով սրբենք, քանի որ ախտահանում է, առանց դիմակի դուրս չգանք, խուսափենք մարդաշատ վայրերից: Բարձր ջերմության, թուլություն զգալու ու հազալու դեպքում դիմենք բժշկի: Իմիջիայլոց, առաջնայինը բարձր ջերմությունն է: Հատուկ կայքերի միջոցով ինֆորմացիան ժամ առ ժամ տարածվում է: Այս պահի դրությամբ մահացածների թիվը 132-ն է, բուժվել են 115-ը, հաստատված հիվանդները 6086-ն են, կասկածելի հիվանդները՝ 9239-ը:

– Ի դեպ, ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը միմյանց նամակներ էին փոխանցում՝ ահազանգելով, թե բանանը ևս կրում է կորոնավիրուս:

– Մրգերն ու բանջարեղենն այդ առումով անվնաս են, նման բան չի եղել՝ ո՛չ մանդարնից, ո՛չ բանանից, ո՛չ էլ ռեհանից հաստատ չեք վարակվի: Վիրուսն ի սկզբանե անցել է կենդանուց մարդուն, հիմա մուտացիայի է ենթարկվել ու անցնում է մարդուց՝ մարդուն:

– Տեղի բնակչության տեղաշարժը սահմանափակվա՞ծ է:

– Բնակչության տեղաշարժը սահմանափակված է Ուհանում ու, եթե չեմ սխալվում, հարևանությամբ գտնվող ևս 16 քաղաքներում: Դա նրա համար է, որ կանխեն վիրուսի տարածումը: Այլ քաղաքներում, որտեղ արձանագրված են շատ դեպքեր, քաղաք մտնելիս ջերմությունն են ստուգում, ու եթե խնդիր կա՝ մեկուսացնում են տանը կամ հիվանդանոցում՝ մինչև առողջանալը:

– Տեղեկությունը, որ հատուկ այս հիվանդության համար 48 ժամում նոր հիվանդանոց է կառուցվել, լիարժե՞ք է:

– Ըստ այստեղի նորությունների՝ Ուհան քաղաքում երկու հիվանդանոց են սկսել կառուցել, մեկը՝ 1500, մյուսը՝ 1000 տեղանոց: Ի սկզբանե խոստացել էին, որ առավելագույնը մինչև փետրվարի 5-ը կավարտեն: Բայց խոստացված ժամանակից շուտ մի հիվանդանոցի կառուցումն արդեն ավարտել են, սակայն կբացեն երկուշաբթի։ Չորեքշաբթի օրվանից էլ հիվանդանոցը լիովին կգործի:

– Դուք շուտով Հայաստան եք գալիս, պատրաստվո՞ւմ եք այստեղ բուժզննում անցնել:

– Իհարկե, եթե պետությունը չանի, ինքս մինչև տուն հասնելը կգնամ որևէ հիվանդանոց ու բուժզննում կանցնեմ։

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում