ՄԻԵԴ-ը Մանվել Սարիբեկյանի գործով Ադրբեջանին պարտավորեցրել է 60,000 եվրո վճարել նրա ծնողներին

ՄԻԵԴ-ը Մանվել Սարիբեկյանի գործով Ադրբեջանին պարտավորեցրել է 60,000 եվրո վճարել նրա ծնողներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել «Սարիբեկյանը և Բալյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործով, ըստ որի` Ադրբեջանի կառավարությունը պարտավորվում է հայ ընտանիքին 60,000 եվրո վճարել:

Մամիկոն Սարիբեկյանը և Սիրանուշ Բալյանը 2011-ի հունիսի 10-ին դիմել են ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով:

Հայցվորները դատարանին հայտնել են, որ իրենց 20-ամյա որդին 2010 թվականին խոշտանգվել և սպանվել է Ադրբեջանում` կալանավայրում գտնվելով: Ըստ նրանց դիմումի՝ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում ծնված Մանվել Սարիբեկյանը 2010-ի սեպտեմբերի 11-ին անտառ է գնացել փայտ հավաքելու և մառախուղի ժամանակ մոլորվելով սահմանամերձ տարածքում՝ հայտնվել է Ադրբեջանի կողմում:

Ադրբեջանական կողմը վերջինիս ձերբակալել է մեղադրելով նրան լրտեսության մեջ: 2010-ի հոկտեմբերի 4-ին Մանվել Սարիբեկյանին կախված են գտել իր բանտախցում:

Տղայի ծնողները 120,000 եվրո են պահանջել որպես փոխհատուցում՝ իրենց և իրենց որդուն պատճառած բարոյական վնասի դիմաց: Դատարանը վճռել է, որ խախտվել է Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքը և որոշել է բավարարել պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին երկու հայցվորին համատեղ 60,000 եվրո վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում