Վրաստանում Չինաստանից ժամանած կնոջ են հոսպիտալացրել

Վրաստանում Չինաստանից ժամանած կնոջ են հոսպիտալացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Թբիլիսիի օդանավակայանից բարձր ջերմությամբ հոսպիտալացվել է Չնաստանից իր երեխայի հետ վերադարձած մի կին, որը Վրաստանի քաղաքացի է:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հիվանդությունների վերահսկման վրացական կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հաստատել է, որ կինը տարանցիկ չվերթով ժամանակել է Չինաստանից: Միևնույն ժամանակ նա չի մասնավորեցրել, թե որ քաղաքում է նա եղել:

Վրաստանի Առաջին ալիքի տվյալներով՝ կնոջը երեխայի հետ հիվանդանոց են տեղափոխել: Նրանք երկու շաբաթ առաջ եղել են Ուհանում, որը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնն է:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տեղեկություն էր ստացվել Չինաստանից Վրաստան ժամանած չինացի զբոսաշրջիկների խմբի հոսպիտալացման մասին: Խոսքը 9 հոգու մասին է, որոնցից երկուսը՝ երեխա: Երեխաների մոտ բարձր ջերմություն էր գրանցվել:

Ուհան քաղաքից տարածված 2019-nCoV նոր կորոնավիրուսի հետևանքով 170 մարդ է մահացել, ավելի քան 7000-ը վարակված են: Չինաստանից բացի հիվանդացության դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում