Միայն Պեկինում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 156-ի

Միայն Պեկինում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 156-ի

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածների թիվը հասել է 156-ի, մահվան նոր դեպքեր չեն գրանցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Չինաստանի մայրաքաղաքի առողջապահական կոմիտեի տարածած հայտարարությանը:

«Հունվարի 31-ին` ժամը 14:00-ից մինչև 24:00-ն ընկած ժամանակահատվածում, Պեկինում գրանցվել է նոր կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված թոքաբորբով հիվանդանալու 17 նոր դեպք: Հունվարի 31-ի կեսգիշերի դրությամբ վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 156-ի: Հիվանդներից 1-ը մահացել է, 5-ը դուրս են գրվել հիվանդանոցներից, մնացած 150-ը դեռ շարունակում են հիվանդանոցներում բուժում ստանալ»,– ասվում է հայտարարության մեջ:

Դեռևս վարակման դեպքեր չեն գրանցվել մայրաքաղաքի չորս շրջանում` Ֆանշանում, Պինգուում, Միյունում, Յանցինում, որոնք բոլորն էլ Հինգերորդ տրանսպորտային օղակից դուրս են գտնվում: Վարակման ամենաշատ` համապատասխանաբար 35 և 27 դեպքերը գրանցվել են Հայդան և Չաոյան շրջաններում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Վերջին տեղեկությունների համաձայն` կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 259-ի, վարակվածների թիվը մոտ 11 100 է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում